ԱՄՆ-ը ուժեղացնում է անվտանգությունը կապված օդային փոխադրամիջոցների հետ: Ուղևորներին սպասում է ավելի մանրակրկիտ զննում: Կուժեղացվի նաեւ վերահսկողությունը օդանավակայաններում:
Ազգային անվտանգության նախարար Ջոն Քելին ասում է, որ անվտանգության այս նոր միջոցները կսկսեն կիրառվել մոտակա ամիսներին:
«Մեր թշնամիները մշտապես նոր ուղիներ են փնտրում մեր երկիր պայթուցիկներ անցկացնելու, նոր մարդկանց ներգրավվելու կամ ինքնաթիռ առևանգելու համար: Ես բոլորի հետ քննարկում եմ ավիացիայի անվտանգության հարցերը: Հանդիպել եմ մեր միջազգային գործընկերներին, ոլորտի արդյունաբերողների ինչպես նաեւ մասնավոր ընկերությունների ղեկավարների: Ժամանակն է համապարփակորեն անդրադառնալ գլոբալ ավիացիայի անվտանգության խնդիրներին»,- ասում է նախարար Քելին:
Այս պահին ազգային անվտանգությունն ընդլայնում է գործող արգելափակումը, որը մարտ ամսից արգելում է աֆրիկյան և մերձավորարևելյան 8 օդանավակայաններից ուղևորներին իրենց մոտ ունենալ համակարգիչ թռիչքի ընթացքում:
Ամերիկյան իշխանությունները փորձում էին նույն արգելափակումը կիրառել եվրոպական օդանավակայանների նկատմամբ, սակայն որոշ ավիաընկերություններ կանխեցին այդ որոշման իրականացումը: Էլեկտրոնային սարքավորումները չափազանց կարևոր են հատկապես գործարար ուղևորների համար:
Անվտանգության նոր միջոցները կընդգրկեն 280 օդանավակայաններ 105 երկրներից: Մոտ 350 հազար մարդ ամեն օր ժամանում է ԱՄՆ-ն այդ օդանավակայաններից: Հայաստանը չի մտնում այդ երկրների ցուցակի մեջ:
Օտարերկրյա ավիաընկերություններին տրվել է 120 օր ժամանակ՝ նոր կանոններին համապատասխանելու համար և 21 օր էլեկտրոնային սարքավորումների զննումն ուժեղացնելու համար:
Նոր կանոններին չհամապատասխանելու դեպքում ավիաընկերություններին սպառնում է տուգանք կամ ամերիկյան օդանավակայանների մուտքի արգելք ազգային անվտանգության հավելյալ անվտանգության միջոցների համատեքստում: