Մատչելի հղումներ

Կիբերհարձակումն իրականացնողների նպատակը կարող է ավելի վտանգավոր լինել, քան գումար վաստակելը


Աշխարհի տարբեր երկրներում մի շարք ընկերություններ երեքշաբթի օրը հայտնվեցին կիբերհարձակման ներքո։ Տարածված համակարգչային վիրուսը արգելափակել էր համակարգիչների հիշողությունը՝ պահանջելով վճարումներ կատարել դրանց հասանելիությունը վերականգնելու համար։

Եվրոպական մի շարք երկրներում ու ԱՄՆ-ում, ինչպես նաեւ աշխարհի այլ երկրներում բազմաթիվ ընկերություններում երեքշաբթի օրը մեծ արագությամբ տարածվեց համակարգչային մի վիրուս, որը քարացրեց համակարգչային տվյալները եւ ինտերնետային համակարգը՝ դրանց հասանելիությունը վերականգնելու համար պահանջելով 3ՕՕ դոլար՝ Բիթքոին թվային արժույթով։

Ինչպես կիբերանվտանգության հարցերով ֆրանսիացի փորձագետ Ջերոմի Բիլոյն է ասում,

՝՝Մինչ այժմ մեծ հարց է, թե ինչպես վիրուսն աշխարհի մակարդակով տարածվեց այդ արագությամբ։ Մասնագետներն այժմ աշխատում են այդ ուղղությամբ՛՛։

Այս կիբերհաձակման թիրախ էին ընտրվել նաեւ Ռուսաստանի նավթարդյունահանող ամենախոշոր ՝՝Ռոսնեֆտ՛՛ ընկերությունը եւ բրիտանական խորհրդատվական խոշոր մի գործակալություն։ Ամենամեծ հարվածն ուղղվել էր ընդդեմ ուկրաինական ընկերությունների։

Հիշեցնենք, որ միայն մեկ ամիս է անցել այն օրից, երբ աշխարհի տարբեր անկյուններում ընկերությունները հայտնվել էին ՝՝Ուոնաքրայ՛՛ անվանումը կրող վիրուսի թիրախում։ Փորձագետներն ասում են, թե նման հարձակումների վերջը չի երեում եւ այն կարծիքը հայտնում, որ դրանց թիվն ավելի է մեծանալու։

Մեծ Բրիտանիայի կիբերանվտանգության հարցերով փորձագետ Դեյվ Ուոթերսոնն ասում է, թե այս հարձակման ստորագրությունը շատ արագ է փոխվում դրա դեմ հակավիրուս ստեղծելու համար։ Սակայն մեծաթիվ ընկերություններ են խուսափում հակավիրուսներ ձեռքբերելու հնարավորությունից։

Կիբերանվտանգության հարցերով ռուս փորձագետ Սերգեյ Նիկիտինն ասում է, թե նույնիսկ մեծ ընկերություններում էլեկտրոնային փոստի զտիչները չեն համապատասխանում չափանիշներին։

՝՝Էլեկտրոնային փոստին կցված փաստաթղթերն ու տեսագրությունները նույնպես լավ չեն ստուգվում՝՝, ասում է նա։

Փորձագետները խորհուրդ են տալիս կիբերհարձակման դեպքում փրկագին չվճարել, քանի որ այն ավելի է խրախուսում հարձակումն իրականացնողներին։

Սակայն շատերն են հավատացած, որ 64 երկրներում վիրուսը տարածողների նպատակն ավելի մեծ է ու վտանգավոր։ Այլապես նրանց փրկագինը չէր լինի 3ՕՕ դոլարի չափ փոքր։


Facebook Forum

XS
SM
MD
LG