ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի հարցերով բաժնի հետազոտությունը ցույց է տվել, որ Օբամաքեյր օրենքի վերանայումից և փոփոխությունից հետո 22 միլիոն ամերիկացիներ մեկ տասնամյակով կզրկվեն բժշկական ապահովագրությունից, ինչը մեծացրել է Օբամաքեյրի փոփոխմանը ընդդիմացող ԱՄՆ-ի օրենսդիրների թիվը:
Այդուհանդերձ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը հայտարարել է, որ օրենքի փոփոխության համար ջանքերը կշարունակվեն:
«Մենք պատրաստվում ենք շարունակել քննարկումները մեր տարաձայնությունների շուրջ: Այս շաբաթ այն չի ընդունվի, սակայն մենք կշարունակենք աշխատանքներ տանել առնվազն 50 օրենսդիրների աջակցությանը հասնելու ուղղությամբ»,- ասել է սենատորը:
Երեքշաբթի օրը հանրապետական կուսակցության բոլոր 52 սենատորներն այցելել են Սպիտակ տուն ՝ հանդիպելու նախագահ Դոնալդ Թրամփին: Վերջինս կոչ է արել սենատորներին քվեարկել ի օգուտ Օբամաքեյրի վերանայման:
«Մենք շատ մոտ ենք հաջողության, մեր երկիրը պետք է ունենա առողջապահական արդյունավետ համակարգ: Դա Օբամաքեյրը չէ, որը քանդվում է: Մեր ընդդիմախոսները քննադատում են մեզ՝ անգամ պատկերացում չունենալով, թե ինչպիսին է մեր առաջարկած օրինագիծը: Մենք հնարավորություն ունենք հանրության և մեր երկրի ժողովրդի համար անել շատ, շատ կարևոր մի բան»,- ասել է նախագահ Թրամփը:
Հանրապետականները նախատեսում են վերացնել Օբամաքեյրի հատկապես այն դրոյթները, որով առաջ էր քաշվել համապատասխան մեխանիզմներ՝ ապահով խավի միջոցով օգնելու անապահով խավերին ձեռք բերել բժշկական ապահովագրություն: Հանրապետականները նաև ցանկանում են կրճատումներ իրականացնել Մեդիքեյդ պետական ծրագրում:
Չափավոր հանրապետակաները սակայն դեմ են Մեդիքեյդի կրճատումներին, իսկ պահպանողականներն ասում են, որ օրինագիծը պահպանում է գործող համակարգի շատ դրույթներ:
Իր հերթին դեմոկրատները քննադատել են մեկ այլ նախաձեռնություն, որով նախատեսվում է նվազեցնել հարկերը, որից կօգտվեն հատկապես հարուստ ամերիկացիները:
«Այս օրինագիծը տապալվել է, քանի որ ամերիկյան ժողովուրդը իր հավանությունը չի տվել դրան: Այո, մենք ցանկանում ենք աշխատել մեր հանրապետական գործընկերների հետ և ունենք առաջարկություններ: Դադարեցրեք հարկերի նվազեցումը հարուստների համար, դադարեցրեք Մեդիքեյդի կրճատումը և օրենքի փոփոխության նախաձեռնությունը, և մենք կնստենք սեղանի շուրջ՝ բանակցելու առողջապահական համակարգի բարելավման համար»,- ասում է սենատոր Շումերը:
Երկու կուսակցությունների սենատորները հայտնել են, որ նրանց գրասենյակները ստացել են բազմաթիվ զանգեր և նամակներ ընդդեմ Օբամաքեյրի փոփոխմանը: Ընթանում են նաև բողոքի ցույցեր:
Սենատոր Մաքքոնելը նախատեսել էր քվեարկել հանրապետական օրինագծի շուրջ նախքան հուլիսի 4-ի Անկախության տոնը: Սա չափազանց կարևոր և զգայուն հարց է հանրապետական կուսակցության քաղաքական օրակարգի համար:
Facebook Forum