ԱՄՆ-ի Գերագույն դատարանը երկուշաբթի օրը կայացրեց որոշում, որն ինչ որ չափով հաղթանակ է նշանակում նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Դատական վճիռը թույլ է տալիս, որ դեպի ԱՄՆ ճամփորդությունները սահմանափակելու մասին Թրամփի հրահանգի որոշ կետեր ուժի մեջ մտնեն՝ մինչեւ հոկտեմբեր ամսին այդ հարցի շուրջ վերջնական որոշում կայացնելը։ Հիշեցնենք, որ ըստ Թրամփի կողմից ստորագրված ու փոփոխության ենթարկված գործադիր հրահանգի, 9Օ օրով դադարեցվում է Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի ու Եմենի քաղաքացիներին ամերիկյան մուտքի արտոնագրերի տրամադրումը եւ 12Օ օրով կասեցվում ԱՄՆ-ի ներգաղթի ծրագիրը։
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը երկուշաբթի օրը կայացրեց որոշում, որը թույլ է տալիս, որ դեպի ԱՄՆ ճամփորդությունները սահմանափակելու մասին երկրի նախագահի հրահանգի որոշ կետեր մտնեն ուժի մեջ։
Նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է արտահայտել վճռի կապակցությամբ, ասելով, թե այն ավելի կապահովի ամերիկացիների անվտանգությունը։ Մարդու իրավունքների պաշտպան խմբերը, սակայն, դատապարտում են կայացված որոշումը։
Ակտիվիստները վիճարկում են դատարանի որոշման այն կետը, որի համաձայն նշված 6 երկրների քաղաքացիները Միացյալ Նահանգներ կարող են ճամփորդել միայն ազգակցական կապերի կամ կազմակերպությունների հետ կապեր ունենալու դեպքում։
«Կիրառվել է աներեւակայելի անորոշ լեզու։ Ո՞վ է կայացնելու որոշում, այդ մասին։ Այն նույն կառավարությու՞նը, որը փորձում է արգելել մահմեդականների մուտքը», հրապարակային հարց է տալիս Փախստականների օգնության միջազգային նախագիծ կազմակերպության ներկայացուցիչ Լարա Ֆինքբայները:
Սակայն ոմանք էլ ասում են, թե Գերագույն դատարանի այս պայմանները այնքան էլ սահմանափակող հատկություն չունեն։
Ինչպես նույն կազմակերպությունից Բեթսի Ֆիշերն է ասում, ՝՝Ուսանողական վիզա նշանակում է կապ ինչ որ համալսարանի հետ։ Աշխատանքային վիզա նշանակում է կապ Ամերիկայում ինչ որ ընկերության հետ։ Ինչ վերաբերում է փախստականներին, նրանցից շատերն ունեն ազգակցական կապեր ԱՄՆ-ում՛՛։
Ֆիշերի խոսքերով, նախագահական գործադիր հրահանգն ուժի մեջ կմտնի հինգշաբթի օրվանից եւ այդ իսկ օրվանից շատերը կհայտնվեն անորոշ վիճակում։ Շատ բան է կախված նրանից, թե տվյալ պահին մուտքի իրավունք տվող պաշտոնյան որ կողմից է մոտենալու հարցին։
՝՝Մեր կազմակերպությունը հրատարակելու է ՝՝Իմացիր քո իրավունքները՛՛ վերնագրով մի ուղեցույց, եւ մեր կամավորների միջոցով օդանավակայաններում վերահսկելու ենք, թե արդյոք ճիշտ են իրականացվում հրահանգի կետերը, եւ արդյոք մարդկանց անհիմն կերպով չեն զրկում մուտքի իրավունքից՛՛, ասում է նա։
Ֆիշերը հիշեցնում է, որ արգելքի մասին Գերագույն դատարանը վերջնական վերլուծությունն ավարտելու է հոկտեմբեր ամսին։
Facebook Forum