Մատչելի հղումներ

Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության առաջնորդների գագաթաժողովը


EU Flag
EU Flag

Հունիսի 22-ին Բրյուսելում մեկնարկեց Եվրոպական խորհրդի նիստ, որին մասնակցում էին Եվրամիության առաջնորդներն ու կառույցի ղեկավար պաշտոնյաները:

Հանդիպման առանձնահատկություններից է եվրոպական առաջնորդների շարքերում նոր դեմքերի ի հայտ գալը: Դրանցից է հատկապես Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մաքրոնը, ով վերջերս կայացած ընտրություններում հաղթանակ գրանցեց ազգայնական Մարի Լը Պենի նկատմամբ: Հաղթանակը դիտվել է որպես Եվրամիության հետագա հնարավոր պառակտման խափանում:

Նախագահ Մաքրոնն ընդգծել է, որ չափազանց ոգևորված է առաջին անգամ գագաթաժողովին մասնակցելու համար և ընդգծել Եվրամիության միասնականության կարևրությունը, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարցերում:

Մաքրոնի հաղթանակն ամրապնդեց Եվրամիության միասնականությունը, որը դրսևորվեց մի շարք հարցերում, մասնավորապես կլիմայի փոփոխության հարցում Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հայտարարությունից հետո:

Եվրոպական առաջնորդների շարքում նորեկներից է նաև Իռլանդիայի առաջնորդ Լեո Վառադկարը, ով ստանձնել է վարչապետի պաշտոնը իր երկրի համար բավականին դժվարին փուլում՝ կապված Բրեքզիթի նախաձեռնության և այդ համատեքստում Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիայի հետագա ճակատագրի հետ:

Երկու առաջնորդներն էլ երիտասարդ գործիչներ են և դիտարկվում են որպես Եվրամիությանը նոր շունչ հաղորդած առաջնորդներ:

Իր հերթին Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը լավատեսորեն է տրամադրված Եվրամիության ապագայի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ գագաթաժողովն առաջ կքաշի հստակ քայլեր, հատկապես պաշտպանության ոլորտում:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին էլ իր հերթին փաստել է, որ Եվրամիության երկրների միջև շարունակում են պահպանվել տարաձայնություններ ներքին հարցերի շուրջ, սակայն արտաքին հարցերում նկատվում է միասնականություն, որը տալիս է իր առաջին արդյունքները:

Հանդիպման երկու օրերին եվրոպական առաջնորդները կքննարկեն անվտանգության ոլորտի հիմնախնդիրներ, մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարը, քաղաքական, տնտեսական, ներգաղթյալների հետ կապված հարցեր, ինչպես նաև Բրեքզիթի բանակցությունների նախապատրաստման աշխատանքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG