Մատչելի հղումներ

Հակաիսլամական տրամադրությունների աճ Մեծ Բրիտանիայում


UK POLICE
UK POLICE

Լոնդոնի մզկիթի մոտ հարձակման մեջ կասկածվող անձը, իր բեռնատարն ուղղելով դեպի մարդկանց ամբոխը, կոչ էր անում սպանել բոլոր մահմեդականներին:

Հարձակումից երկու օր առաջ նույն մզկիթում ակտիվիստ Ֆիազ Մուղալը զգուշացրել է հավանական հարձակման մասին:

«Կարծում եմ կառավարությունը դանդաղ է արձագանքել այս վտանգին, որը ի հայտ է գալիս այնպիսի աղբյուրներից, որոնք պարբերաբար հանդես են գալիս հակամահմեդական հռետորաբանությամբ: Դա էլ ստեղծոմ է համապատասխան միջավայր բռնության համար»,- ասում է Մուղալը:

Մուղալի հիմնած «Tell Mama» կազմակերպությունը տեղեկացնում է մահմեդականների դեմ հարձակումների մասին: Նա նշում է, որ Մանչեսթերի ահաբեկչությունից հետո 5 անգամ աճել է մահմեդականների դեմ հարձակումների թիվը:

«Դա ուներ սոցիալական, էմոցիոնալ և մտավոր ազդեցություն, որը ստեղծում է «մենք» և «նրանք» մտածողություն: Դա խնդրահարույց է և որոշ դեպքերում վտանգավոր, քանի որ դրանից օգտվում են ծայրահեղականները», - ասում է Մուղալը:

Լոնդոնի մզկիթի հարձակումը տեղի ունեցավ ծայրահեղ աջակողմյան ահաբեկչի կողմից օրենսդիր Ջո Քոքսի սպանությունից ուղիղ մեկ տարի անց: Քննադատների կարծիքով պահպանողական մամուլն ու քաղաքական գործիչները նպաստում են մահմեդականների դեմ լարվածության մեծացմանը:

«Իմ տպավորությամբ հասարակության մեջ գոյություն ունեն տրամադրություններ, որոնք սովորական են դարձնում ծայրահեղական մոտեցումները մահմեդականների նկատմամբ»,- ասում է Փոլ Ջեքսոնը Նորֆեմպտոնի համալսարանից:

Կառավարությունն առաջ է քաշել «Կանխել» անվանումով մի ծրագիր՝ իսլամական ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը հակազդելու համար: Իշխանությունները պնդում են, որ ծրագիրը միտված է հակազդելու ամեն տեսակի ահաբեկչություն, սակայն ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կոչ է անում վերանայել ծրագրի դրույթները:

Facebook Forum

XS
SM
MD
LG