ԱՄՆ-ի Կոնգրեսի հաջորդ լսումները նվիրված կլինեն ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության հարցին: Այս համատեքստում ամենագլխավոր հարցերից է, թե արդյոք նախագահ Թրամփը խախտել է օրենքը:
Նախագահի թվիթերյան հաղորդագրությունը կարծես հաստատում է, որ նրա գործողությունները ենթարկվում են հետաքննության: Նախագահ Թրամփն իրեն ներկայացրել է այս հարցում որպես զոհ:
Նրա փաստաբաններից Ջեյ Սեքուլովը հերքել է դա և ընդգծել, որ Սպիտակ տունը չի ստացել որևէ պաշտոնական ծանուցում, որ նախագահի նկատմամբ իրականացվում է հետաքննություն:
Այս ամսվա սկզբին Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին վկայություն է տվել Սենատի համապատասխան հանձնաժողովում, ուր ասել է, որ նախագահն իրեն հորդորել է դադարեցնել Մայքլ Ֆլինի դեմ գործը:
«Կարծում եմ ես չէ, որ պետք է ասեմ, թե արդյոք իմ ունեցած զրույցը նախագահի հետ օրենքի խախտում է: Ես ընկալեցի դա որպես չափազանց մտահոգիչ և անհանգստացնող»,- ասել է Ջեյմս Քոմին:
Թրամփը հերքում է Ֆլինի վերաբերյալ Քոմիի հետ ունեցած զրույցը:
«Ես չեմ ասել դա: Սակայն ոչ մի վատ բան չկա, եթե նման բան ասած լինեի: Բայց ես դա չեմ ասել»,- ասել է նախագահը:
Իրավաբանների կարծիքն այս առումով տարբեր է:
«Իմ կարծիքով մարդիկ Կոնգրեսում և այլուր հավատում են Քոմիին: Հարցն այն է, թե արդյոք Քոմիի վկայությունն ապացուցում է օրենքի խախտումը, թե ոչ»,- ասել է Փոլ Շիֆ Բերմանը Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանից:
Ջեյմս Քոմիի վկայության ժամանակ, ի պաշտպանություն նախագահ Թրամփի, հանդես եկան մի շարք հանրապետական սենատորներ: Այս պահի դրությամբ դեռևս այս խնդրի վերաբերյալ չի արտահայտվել հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերը:
Facebook Forum