Մատչելի հղումներ

Իրաքի զինված ուժերը նպատակադրված են վերջնականապես ազատագրել Մոսուլի կենտրոնական հատվածը՝ Հին քաղաքը, սակայն գործում են դանդաղորեն՝ հաշվի առնելով քաղաքի խաղաղ բնակչության անվտանգությունը:

Իրաքի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, անցած կիրակի օրը մեկնարկել են ԴԱԵՇ-ի զինյալներից Մոսուլի կենտրոնական հատվածը ազատագրելուն ուղղված հատուկ գործողությունները:

«Մարտերը թեժ են լինելու, քանի որ սա ԴԱԵՇ-ի վերջին հանգրվանն է», -հայտարարել է Ւրաքի հակաահեբեկչության ծառայության գնդապետ Աբդելղանի ալ-Ասադին:

Մոսուլը, որը բնակչությամբ Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքն է, 2014 թվականից գտնվում է ԴԱԵՇ-ի վերահսկողության տակ: Մոսուլի կենտրոնում գտնվող պատմական ալ-Նուրի մզկիթում, 2014 թվականին Իսլամական պետության առաջնորդ ալ-Բաղդադին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում ԴԱԵՇ-ի գրավյալ տարածքները հանդիսանում են իսլամական խալիֆայության մաս:

Ըստ Իրաքի բարձրաստիճան զինվորականների, Մոսուլի վերջնական ազատագրումը բարդ է լինելու՝ հաշվի առնելով խիտ բնակեցված քաղաքում պատանդ վերցված խաղաղ բնակչության գործոնը:

Մենք ցանկանում ենք պաշտպանել խաղաղ բնակչությանը և նրանց ունեցվածքը, ինչպես նաև՝ քաղաքի ենթակառուցվածքները: Շատ փողոցներ և շենքեր մարդաշատ են ու նեղ: Այս ամենը սահմանափակում և դանդաղեցնում է մեր գործողությունները:

Չնայած Իրաքի զինված ուժերի լավատեսությանը՝ ԴԱԵՇ ծայրահեղական խմբավորման զինյալները շարունակում են Մոսուլի բնակչությանն օգտագորել որպես կենդանի վահան: ՄԱԿ-ի տվյալներով՝ շուրջ 150 հազար մարդ ներկայումս գտնվում է ծայրաստիճան անմարդկային պայմաններում: Ըստ ռուսական աղբյուրների՝ մայիսի 28-ին Սիրիայում օդուժի կողմից իրականացված գործողությունների ընթացքում Ռաքքայոմ սպանվել են ԴԱԵՇ-ի պարագլուխներից մի քանիսը: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ սպանվել կամ վիրավորվել է ԴԱԵՇ-ի առաջնորդ ալ-Բաղդադին:

XS
SM
MD
LG