Մատչելի հղումներ

Առցանց առեւտրի հսկա Amazon ընկերությունը գնել է Whole Foods Market բնական սննդամթերքի վաճառքով զբաղվող խոշոր ամերիկյան խանութների ցանցը: Գործարքի արժեքն է ավելի քան 13 միլիարդ դոլար, դա Amazon ընկերության խոշորագույն գործարքն է:

1994 թվականին, որպես գրքերի առցանց վաճառքի կայք հիմնադրված Amazon ընկերությունն այնուհետեւ վերածվել է խոշորագույն առցանց վաճառքի հարթակի, իսկ 2006 թվականից սկսել նաեւ սնունդ վաճառել: Amazon-ն առաջին ընկերությունն է, որը նախատեսում է մոտ ապագայում առաքել ինտերնետով գնված ապրանքները դրոնների միջոցով՝ ուղիղ գնորդի տան բակ: Վերլուծաբանների կարծիքով, Whole Foods Market խանութների ցանցի գնման գործարքով Amazon ընկերությունը իր ճանապարհն է հարթում դեպի Միացյալ Նահանգների տարեկան ավելի քան 800-միլիարդ դոլար շրջանառություն ունեցող սննդի շուկա:

«Amazon-ը ցանկանում է սպառողների բոլոր կարիքները կենտրոնացնել իր ձեռքում, այնպես որ ցանկացած բան հնարավոր է գնել հենց Amazon-ում: Այսպիսով, դուք կանեք ամեն ինչ՝ կդիտեք առցանց վիդեոներ, երաժշտություն կլսեք, բջջային ծառայություն ձեռք կբերեք, հագուստ եւ ընդհանրապես ամեն ինչ կգնեք նրանցից», - ասում է շուկայի ռազմավարությամբ զբաղվող վերլուծաբան Մաքս Վուլֆը:

Գործարքը ձեռնտու է նաեւ Whole Foods Market ընկերությանը, որն օգտվելով Amazon-ի հսկայական կապի ենթակառուցվածքներից կարող է զգալի նվազեցնել ծախսերը: Միեւնույն ժամանակ, սնունդի վաճառքով զբաղվող բոլոր մյուս ցանցերն անհանգստանալու իրական հիմք ունեն:

Facebook Forum

XS
SM
MD
LG