Հանդես գալով պաշտպանության նախարարության բյուջեի հարցով Կոնգրեսում անցկացված լսումների ընթացքում՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսն ասել է, թե Աֆղանստանում հաջողություն գրանցելու համար հարկավոր է կազմել նոր ծրագիր, քանի որ ՝՝Ամերիկան չի հաղթում Աֆղանստանում՛՛։
Թրամփի վարչակազմն արդեն հինգ ամիս է փորձում նոր ծրագիր կազմել Աֆղանստանում կայունություն հաստատելու համար։ Այսօր Սենատի ռազմական հարցերով հանձնաժողովում եւ Պենտագոնում ասում են, որ արդեն հոգնել են սպասելուց։
Ջիմ Մեթիսը խոստանում է, որ մինչեւ հուլիսի կեսերն իրենք կունենան այս մասին մանրամասնություններ ներկայացնելու հնարավորություն։
՝՝Այժմ մենք գործնական աշխատանքներ ենք իրականացնում, վստահ լինելու, որ ստիպված չենք լինելու մեծ գին վճարել ուշացման համար՛՛։
Պաշտպանության նախարարի խոսքերով, Ամերիկան բարձր է գնահատում դաշնակից երկրների մասնակցությունը։ Աֆղանստանում ներկայումս կան ՆԱՏՕ-ի 13 հազար թվակազմով ուժեր, եւ քննարկվում է թվակազմն ավելացնելու հարցը։
Մեթիսը գտնում է, որ հարկավոր է փոխել ներկա ռազմավարությունը, որի արդյունքում է պատերազմից հյուծված այս երկիրը Թալիբանի հետ հարաբերություններում հայտնվել պատային իրավիճակում։
՝՝Մենք ներկայումս չենք հաղթում Աֆղանստանում, եւ մենք սա պիտի ուղղենք որքան հնարավոր է արագ՛՛։
Աֆղանստանում հաղթել ասելով, նկատի է առնվում այն պահը, երբ այս երկրի անվտանգության ուժերն ի զորու կլինեն ինքնուրույն կերպով վերահսկել իրադրությունը եւ վերացնել բռնությունները երկրում։ Երկիր, որտեղ 2Օ01 թվականին պատերազմը սկսվելուց ի վեր Ամերիկան տվել է 2 հազար 3ՕՕ զոհ, 17 հազար վիրավոր, երկիր, որտեղ տարածքի միայն 6Օ տոկոսն է գտնվում կառավարության վերահսկողության ներքո, ինչը 11 տոկոսով ավելի պակաս է քան 2Օ16-ին էր։ Երկիր, որտեղ նորից կարող են ամերիկյան հավելյալ ուժեր տեղակայվել, քանի որ նախագահ Թրամփն այդ արտոնությունը տվել է պաշտպանության նախարարին, իսկ վերջինս՝ գոհունակությամբ ընդունել առաջարկը։
Facebook Forum