Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատում քննարկում են նախագահ Թրամփի ներկայացրած բյուջեի կրճատումները


ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեքշաբթի օրը պաշտպանեց դիվանագիտության եւ արտաքին օգնության հարցերում մեծ կրճատումներ կատարելու նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը։ Նա միաժամանակ առաջարկեց մեծ հատկացումներ ռազմական բնագավառում։

ԱՄՆ-ի 2Օ18 թվականի բյուջեն, ըստ նախագահի ներկայացրած առաջարկների, գրանցելու է 32 տոկոսի կրճատումներ Պետդեպարտամենտում՝ ԱՄՆ-ի արտգործնախարարությունում եւ ԱՄՆ-ի միջազգային զարգացումների գործակալությունում։ Նախագահը ցանկանում է նաեւ 1Օ տոկոսով ավելացնել պաշտպանության նախարարության բյուջեն։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ սենատոր Բեն Քարդինն ասել է, թե բյուջեի հարցով Թրամփի առաջարկները վտանգի տակ կարող են դնել Ամերիկայի քաղաքացիներին։

՝՝Արտաքին հարաբերությունները եւ արտաքին հատկացումները կրճատելու դեպքում աշխարհն ավելի վտանգավոր կլինի ամերիկացիների ու Ամերիկայի համար՛՛։

Նրա խոսքերով, ամերիկացիների կյանքը վտանգի տակ կարող է հայտնվել նաեւ հայրենիքում։

Թիլերսոնի խոսքերով, հնարավոր է արդեն իսկ գործող նախագծերն իրականացնել ավելի արդյունավետ եղանակով։

Ասենք, որ ԱՄՆ-ի դաշնային բյուջեն հաստատելու վերջնական խոսքը պատկանում է Կոնգրեսին, եւ նախագահի ներկայացրած առաջարկների փաթեթը ե՛ւ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում այսօր կանգնում է թե մեկ, թե մյուս կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականների քննադատությունների ներքո։

Ինչպես հանձնաժողովի հանրապետական նախագահ Բոբ Քորքերն է ասել, Թրամփի ներկայացրած առաջարկները Կոնգրեսում անպայման կենթարկվեն շտկումների։

Թիլերսոնը պնդում է, թե Պետդեպարտամենտում եւ USAID-ում անցկացվում են ուսումնասիրություններ՝ պարզելու համար, թե ինչպես կարելիէ վերակազմակերպել աշխատանքները։ Ուսումնասիրություններն ավարտվելու են տարեվերջին։

Հիշեցնենք, որ 2Օ16 թվականի բյուջեով արտաքին հատկացումների ծրագրի համաձայն Հայաստանը ստացել էր 2Օ միլիոն 367 հազար դոլար։ Թրամփի առաջակի համաձայն Հայաստանը 2Օ18 թվականին ԱՄՆ-ից կստանա 6 միլիոն 8ՕՕ հազար դոլարի օգնություն։ 2Օ16 թվականին Ադրբեջանին 1Օ միլիոն 2ՕՕ հազար դոլարի օգնությունը կկրճատվի 9Օ տոկոսով՝ կազմելով միայն մեկ միլիոն։ Վրաստանի 8Օ միլիոն 6Օ5 հազարին կփոխարինի 34 միլիոն դոլարը։

ԱՄՆ-ի բանակի պաշտոնաթող 16 գեներալներ չորեքշաբթի օրը Սենատին են ներկայացնելու համատեղ ցուցմունք՝ ընդգծելու համար երկրի ազգային անվտանգության համար արտաքին հատկացումների կարեւորությունը։

Facebook Forum

XS
SM
MD
LG