Մատչելի հղումներ

Գինին գրականության, երաժշտության, քանդակագործության եւ այլ արվեստների հետ համատեղ երկրի այցեքարտն է հանդիսանում: Նախորդ շաբաթ Հայաստանը ներկայացել էր իր գինիներով հանրահայտ Smithsonian Associates կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «Գինու քաղաքակրթության սկզբնաղբյուր» փառատոնին: Որպես գինու բնօրրան, Հայաստանը՝ Վրաստանի, Պաղեստինի, Իսրայելի եւ Թուրքիայի հետ միասին ներկայացված էր Վաշինգտոնում անցած փառատոնին, պատմում է գինեգործ Վահե Քեշգերյանը.

«Թեեւ մենք գինեգործական հազարամյակների պատմություն ունենք, խորհրդային ժամանակներում լռություն էր այս ոլորտում, իսկ այժմ, վերջին 5-6 տարիներին, հայկական գինեգործությունը վերածնունդ է ապրում, իսկ գինի խմելու մշակույթը Հայաստանում միշտ եղել է»:

Միացյալ Նահանգներում հայկական գինիները բավականին մեծ հետաքրքրություն են վայելում: Ընդամենը մի քանի տարի առաջ ԱՄՆ ներկրված «Կարաս» գինիներն արդեն իսկ սկսում են իրենց արժանի տեղը գրավել ամերիկյան շուկայում.

«Ամերիկյան շուկան մեզ համար նպաստավոր կլինի 1-2 տարի անց, քանի որ իրենք սիրում են նոր գինիներ, նոր համեր»:

Վահե Քեշգերյանի խոսքով, հայկական գինեգործության վերածննդի հետ միասին մեծ առաջընթաց է ապրել հայկական գինիների որակը, որն աննկատ չի մնացել արտերկրյա սպառողների կողմից:

Հայկական գինիների նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի մեծ է, հաշվի առնելով դրանց թիկունքին կանգնած դարավոր պատմությունը, նշում է փառատոնի կազմակերպիչ, Smithsonian Associates խորհրդի տնօրեն Ֆրեդերիկա Ադելմանը.

«Գինի ըմպելիս, ասես հասկանում ես տվյալ գինու ակունքը հանդիսացող երկրի պատմությունը»:

Ֆրեդերիկա Ադելմանի խոսքով, գինեգործություն, ինչպես ցանկացած արվեստ, ունի եւս մեկ կարեւոր հատկություն՝ այն միավորում է մարդկանց եւ մշակույթներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG