Մատչելի հղումներ

 
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ այս տարի Հայաստանում կգրանցվի 2,7 տոկոսանոց տնտեսական աճ

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ այս տարի Հայաստանում կգրանցվի 2,7 տոկոսանոց տնտեսական աճ


Yerevan, Armenia
Yerevan, Armenia

Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները 2017 թվականին» զեկույցի համաձայն, ընթացիկ տարում Հայաստանում սպասվում է 2,7 տոկոսանոց տնտեսական աճ: Զեկույցի կանխատեսմամբ հաջորդ տարի տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1 տոկոս:

Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը այս տարի կգրանցի ընդհանուր 0,1 տոկոսի աճ: 2018 թվականին տարածաշրջանում սպասվում է 1,6 տոկոսի աճ: Հայաստանի հարևան երկրներից Ադրբեջանում է միայն այս տարի կանխատեսվում ՀՆԱ-ի 1,4 տոկոս անկում, իսկ 2018 թվականին այդ երկրում կգրանցվի 0,6 տոկոսի աճ: Ըստ զեկույցի՝ Հարավային Կովկասի տնտեսական աճի առաջատարն է Վրաստանը, որի տնտեսությւոնը 2017-ին կաճի 3,5 տոկոսով, իսկ 2018-ին կգրանցի 4,0 տոկոսի աճ:

Համաշխարհային բանկի տվյալներով այս տարվա առաջին կեսին Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը շարունակում է գրանցել դրական միտումներ տնտեսական աճի առումով: Ընդհանուր առմամբ աճ է գրանցվել ինչպես արտահանող, այնպես էլ՝ հումք ներմուծող երկրների շրջանակում:

Դրան նպաստել են մի շարք գործոններ ներառյալ նավթի գների բարձրացումը, համաշխարհային ֆինանսական շուկայի կայունությունը, եվրոգոտու կայուն տնտեսական աճը, ինչպես նաև խոշոր երկրների վարած քաղաքականությունը:

Հայաստանի տնտեսական զարգացման հարցում կարևոր դեր ունի տնտեսական իրավիճակը Ռուսաստանում: Ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, երկու տարի անընդմեջ տնտեսական անկում գրանցած Ռուսաստանն այս տարի կգրանցի 1,3 տոկոսի աճ, իսկ հաջորդ երկու տարիներին աճը կկազմի 1,4 տոկոս: Տնտեսության վերականգնումը Ռուսաստանում իր դրական ազդեցությունը կթողի Հայաստանի տնտեսության վրա:

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ մյուս խոշոր երկրներից Թուրքիան այս տարի կգրանցի 3,5, իսկ 2018 թվականին՝ 3,9 տոկոսի աճ:

Միևնույն ժամանակ զեկույցում Համաշխարհային բանկը ընդգծում է, որ աճի հեռանկարները դեռևս կայուն չեն, քանի որ առկա են մի շարք գործոններ, որոնք կարող են խափանել կանխատեսվող աճը: Դրանցից են՝ աշխարհաքաղաքական լարված իրավիճակը տարածաշրջանում և դրանից դուրս, ներառյալ սիրիական հակամարտության շարունակումը, ահաբեկչական գործողությունները, անկայուն քաղաքական իրավիճակն ու ղարաբաղյան հակամարտության վերսկսումը: Այլ ռիսկերի շարքում են հումքային ապրանքների գների անկումը և միջազգային ֆինանսական շուկաների ապակայունացումը:

Անվտանգության հետ կապված մարտահրավերը ևս առաջին տեղում էր վերջերս Համաշխարհային բանկի անցկացրած «Ապագայի Հայաստան» վերնագրով հարցման շրջանակում: Հարցմանը մասնակից 64 հայ ուսանողներ անվտանգությունից հետո, որպես Հայաստանի առաջնային մարտահրավեր են նշել կրթությունը, աղքատությունն ու արտագաղթը: «Լուսավոր» և «անորոշ», ահա այն երկու բառերը, որով նրանք մեկ բառով բնութագրել են Հայաստանի ապագայի նկատմամբ իրենց վերաբերմունքը:

Facebook Forum

XS
SM
MD
LG