ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին, հինգշաբթի օրը հանդես գալով Սենատի լսումների ժամանակ, խոսքը կենտրոնացրեց Ռուսաստանի ու Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի միջեւ կապերը հետաքննելու գործում երկրի նախագահի կողմից ցուցաբերված միջամտության վրա:
Ամերիկան անհամբերությամբ էր սպասում Սենատի լսումների ժամանակ երկրի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի վկայություններին: Եվ Քոմին շեշտն ամբողջ ընթացքում դրեց ՀԴԲ-ի անկախ լինելու հանգամանքի ու կարեւորության վրա:
‘’ՀԴԲ-ը անկախ է ու միշտ է լինելու անկախ՛՛, հայտարարում էր նա:
Անկախ նրանից, պատմում էր իր նկատմամբ հավատարմություն ցուցաբերելու, թե Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականի հետաքննությունը դադարեցնելու Թրամփի պահանջների մասին, Քոմին իր խոսքը հասցնում էր մի կետի, որտեղ Թրամփին համարում էր ուրույն մի վտանգ այն պատնեշի համար, որը թույլ չի տալիս նախագահներին միջամտել ՀԴԲ-ի աշխատանքներին:
Բայց արդյո՞ք այդ պատնեշը միշտ է գործել, թե՞ հարցը խնդրի է վերածվել Թրամփի նախագահության օրոք:
Իրականում ԱՄՆ-ի նախագահները մի քանի տասնամյակ են սերտորեն համագործակցել, ու շատ հաճախ’ անպատշաճ կերպով համագործակցել ՀԴԲ-ի տնօրեն Էդգար Հուվերի հետ, որը Բյուրոն ղեկավարել է մոտ 50 տարի:
Ինչպես պատմաբան Դագլաս Չարլզն է ասում, ‘’Հետաքննությունների դաշնային բյուրոն իրականում եղել է Սպիտակ տան քաղաքական հետաքննությունների թեւը: Այն հավաքել է արտաքին քաղաքականությունը քննադատողների մասին տեղեկություններ, հավաքել տեղեկություններ քաղաքական քննադատների մասին եւ օգնել թուլացնել նրանց դիրքերը՛՛:
Դա ի վերջո փոխվել է, երբ արդարադատության նախարարությունը հրապարակեց ուղեցույցներ այն մասին, թե ինչպես է ՀԴԲ-ը իրականացնելու իր կապերը Սպիտակ տան հետ:
‘’Եվ համաձայն այդ ուղեցույցի, միայն գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը կարող են կապ ապահովել Սպիտակ տան հետ: Դա է այսօրվա օրենքը՛՛, ասում է Չարլզը:
Դրանից այն կողմ որեւէ քայլ անսովոր է: Նախագահը չի կարող պարտադրել, որ ՀԴԲ-ը դադարեցնի որեւէ հետաքննություն:
Բայց այստեղ կա մի ‘’բայց՛՛. Արդարադատության նախարարության ուղեցույցը օրենք չէ: Այն պարզապես ուղեցույց է: Եվ այստեղ է, որ իրավիճակը խճողվում է:
Հիմա հարց է, Քոմիին ինչ որ բան հորդորելով, Թրամփը ոտնահարել է ուղեցու՞յցը, թե խախտել է օրենքը’ արդարադատությունը խոչընդոտելու եղանակով:
Ինչպես Ամերիկյան համասարանից Քրիս Էդելսոնն է ասում, ‘’Երկրորդն ավելի մեծ խնդիր է: Անկախ նրանից, դրանք քրեական հանցագործություններ են, թե ոչ, շատ դժվար կլիներ ասել, որ այսօր ունենք վստահելի Սպիտակ տուն՛՛:
Այս պահին նախագահ Թրամփի փաստաբանը հերքում է Քոմիի վկայության որոշ հատվածներ: Սակայն անկախ ամեն ինչից, չի թվում, որ Թրամփի վարչակազմը շատ շուտ կազատվի այս խնդրից:
Facebook Forum