Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան պատրաստվում է կազմել կոալիցիոն կառավարություն


Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կառավարող պահպանողականները կորցրին հավելյալ աթոռներ, վարչապետ Թերեզա Մեյը փորձում է կազմել կոալիցիոն կառավարություն: Հույսն այսօր նա դրել է հյուսիսիռլանդական յունիոնիստների վրա:

Մեծ Բրիտանիան ուրբաթ օրը հայտնվեց քաղաքական անորոշության փուլում, երբ երկրի գլխավոր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն ընտրությունների արդյունքում գրանցեց հաջողություն’ թույլ չտալով, որ վարչապետ Թերեզա Մեյը եւ կառավարող պահպանողականներն ունենան բացարձակ մեծամասնություն խորհրդարանի Համայնքների պալատում: Լեյբորիստների հաջողությունը հիմնականում ապահովել են երիտասարդ ընտրողները:

Պահպանողականները կարող են աթոռների չնչին տարբերությամբ ապահովել մեծամասնություն 650 տեղանոց Պալատում, եթե Յունիոնիստները միանան նրանց: Յունիոնիստները Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական այն ուժերն են, որոնք իրենց գաղափարախոսության հիմք են ընդունում Միացյալ Թագավորության ամբողջականությունը:

Սակայն Լեյբորիստական կուսակցությունից, երրորդ ուժ համարվող այլ կուսակցություններից, ինչպես նաեւ պահպանողականների որոշ հատվածից հնչում են Թերեզա Մեյի հրաժարականը պահանջող կոչեր: Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինն ասել է, թե ինքը ‘’պատրաստ է ծառայել երկրին՛՛:

Սակայն խորհրդարանում ապահովելով իր աթոռը’ Մեյն ասել է, թե Մեծ Բրիտանիան ունի կայունության ժամանակահատվածի կարիք:

Փորձագետների խոսքերով, Թերեզա Մեյը, այս ընտրությունները հրավիրելով, խաղաց Մեծ Բրիտանիայի ժամանակակից պատմության մեջ քաղաքական ամենամեծ մոլեխաղը: Նա հույս ուներ, ավելացնել խորհրդարանում արդեն իսկ մեծամասնություն կազմող իր կուսակցության տեղերը: Սակայն աթոռներ կորցնելով’ առաջ բերեց հետեւյալ հարցը, թե արդյոք ինքը կկարողանա պահպանել ու ղեկավարել Հյուսիսային Իռլանդիայի Յունիոնիստական կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարությունը:

Թագավորական’ Բուքինգեմյան պալատ կատարած այցից հետո Թերեզա Մեյը հայտարարեց, թե միայն իր կուսակցությունն ունի ‘’լեգիտիմ՛՛ կերպով կառավարելու իրավունք, չնայած այն հանգամանքին, որ ութ ձայն է պակասում մեծամասնություն կազմելու համար: Նրա խոսքերով, ինքը կառավարություն է կազմելու Հյուսիսային Իռլանդիայի Ժողովրդավարական յունիոնիստական կուսակցության հետ:



XS
SM
MD
LG