Մատչելի հղումներ

Հինգշաբթի Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում էր Սենատը, որտեղ ցուցմունք էր տալիս Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմին, ում նախագահ Թրամփն ազատել էր աշխատանքից վատ աշխատելու պատճառաբանությամբ:

«Ես մտահոգված էի, որովհետեւ նախագահի հետ մի քանի զրույցների ընթացքում նա ինձ բազմիցս ասել է, որ ես շատ լավ եմ աշխատում եւ հույս հայտնել, որ ես կշարունակեմ աշխատել իր հետ», - նշել է Քոմին:

Քոմին պատմել է, որ նախագահ Թրամփի հետ առանձնազրույցների ընթացքում Դոնալդ Թրամփն իրենից հավատարմություն է պահանջել: Նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Սպիտակ տան նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի քրեական գործը կկարճվի եւ կոչ արել Քոմիին տեղեկացնել հանրությանը, որ անձամբ Թրամփի նկատմամբ հետաքննություն չի ընթանում, ինչն իրոք համապատասխանում էր իրականությանը:

Հավատարմության պահանջին, որն արվել էր Սպիտակ տան կանաչ սրահում նախագահ Թրափի հետ ճաշի ընթացքում, Ջեյմս Քոմին իր իսկ խոսքով չի արձագանքել՝ խոստանալով հավատարիմ մնալ միայն ճշմարտությանը: Ինչ վերաբերում է Մայքլ Ֆլինին, ապա նրա դեմ քրեական գործ էր հարուցվել քննիչներից Ռուսաստանի հետ հարաբերությունների էությունը թաքցնելու պատճառով: Քոմիի խոսքով իր հետ զրույցում նախագահ Թրամփն անդրադառնալով Ֆլինի դեմ հետաքննությանն ասել է՝ «Ֆլինը լավ մարդ է, հույս ունեմ, դու նրան հանգիստ կթողնես»: Ջեյմս Քոմիի խոսքով, ինքն այդ բառերը որպես հրահանգ էր ընկալել.

«Նա ԱՄՆ-ի նախագահն է եւ երբ անձամբ ձեզ ասում է՝ հույս ունեմ այսպես կլինի, ես դա ընկալեցի որպես իր պահանջ: Ես չկատարեցի այն, սակայն հենց այդպես ընկալեցի»:

Քոմիի խոսքով Դոնալդ Թրամփի խոսքերը Ֆլինին հանգիստ թողնելու վերաբերյալ իրեն այնքան էին ցնցել, որ վերջինս նույնիսկ չգիտեր ինչ պատասխան տալ, արդյունքում պատասխանեց միայն, որ Ֆլինը լավ մարդ է, չնայած սենատորների կարծիքով պետք է մատնանշեր Դոնալդ Թրամփին, որ նման խոսքերով նախագահը չպետք է դիմի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարին.

«Միգուցե այլ մարդիկ ավելի ուժեղ գտնվեին, սակայն ստեղծված իրավիճակում ես հենց այդպես արձագանքեցի: Հույս ունեմ, որ այլեւս երբեք նման իրավիճակում չեմ հայտնվի, սակայն, եթե կրկին հայտնվեի կարծում եմ այլ կերպ կարձագանքեի»:

Դոնալդ Թրամփի անձնական շահերի պաշտպան Մարկ Կազովիցն իր հայտարարության մեջ հերքեց Ջեյմս Քոմիի խոսքերը, թե նախագահը հույս է հայտնել, որ Քոմին Ֆլինին հանգիստ կթողնի կամ այլ որեւէ կերպ ճնշում է գործադրել.

«Նախագահը երբեք ճնշում չի գործադրել պարոն Քոմիի վրա: Նախագահը նաեւ երբեք չի ասել պարոն Քոմիին «Ինձ հավատարմություն է պետք, ես հավատարմություն եմ ակնկալում»: Նա երբեք դա չի ասել»:

Ամերիկացիներից ոմանք համոզված են, որ այն ինչ տեղի էր ունենում Սենատում, կարող է լուրջ ազդեցություն ունենալ քաղաքական զարգացումների վրա: Այդ նպատակով բազմաթիվ ամերիկյան բարեր այցելուներին առաջարկում էին դիտել լսումները ուղիղ եթերում, ճիշտ այնպես, ինչպես դիտում են սպորտային խաղերը:

«Փորձում ենք գործողությունների զարգացման մեջ ներգրավված մնալ եւ մարդկանց հնարավորություն տալ վայելելու քաղաքական տեսարան», - նշում է «Քափիթոլ Լաունջ» բարի սեփականատեր Ջիմմի Սիլքը:

Վաշինգտոնում պրակտիկա անցնող Մայքըլ Սմիթը հինգշաբթի հատուկ ազատ օր էր խնդրել, որպեսզի լիարժեք վայելի զարգացող իրադարձությունները.

«Ես եւ ընկերս լսումների սկսվելուց երեք ժամ առաջ գնացինք Սենատ՝ անձամբ դիտելու լսումները, սակայն հերթում 400-րդ տեղը զբաղեցրեցինք ու քանի որ այնտեղ ընդհամենը 90 նստարան կար, մեզ թույլ չտվեցին ներս մտնել»:

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները խոսում են մեղադրանքների լրջության մասին, մինչդեռ բազմաթիվ հանրապետականներ հայտնում են, որ Ջեյմս Քոմին կրկին անգամ հաստատեց, որ նախագահ Թրամփը որեւէ կերպ չի խոչընդոտել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննությանը: Այդուհանդերձ բոլորը համաձայնեցին լսումների կարեւորության հետ:

Անկախ զարգացումների ընթացքից, Սենատում անցած լսումները կրկին անգամ ապացուցեցին, որ ամերիկյան ժողովրդավարությունը գործում է չնայած այլ պետությունների բոլոր թշնամական ոտնձգությունների:

Facebook Forum

XS
SM
MD
LG