Մատչելի հղումներ

Ժամանակակից Ռուսաստանի նոր քարոզչությունը


Ժամանակակից Ռուսաստանն օգտագործում է քարոզչության այնպիսի միջոցներ, որոնց մասին Խորհրդային Միությունում նույնիսկ տեղյակ էլ չէին:

«Ժամանակակից Ռուսաստանի քարոզչությունը զվարճացնում, շփոթեցնում եւ ճնշում է լսարանին»։ Խորհրդային Միությունը փլուզվել է ավելի քան քառորդ դար առաջ, իսկ խորհրդային քարոզչության դպրոցը շարունակում է ապրել եւ զարգանալ ժամանակակից Ռուսաստանում, ասում է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի ավագ խորհրդական Սքոթ Ռոլանդը:

Սակայն, եթե Խորհրդային Միության քարոզչությունը կարող էր մատնանշել Խորհրդային Միության որոշակի իրական ձեռքբերումներ օրինակ՝ տիեզերագնացության ոլորտում, այսօրվա Ռուսաստանը զարգացած երկրների համեմատ որեւէ ձեռքբերում նժարին դնել չի կարող: Փոխարենը ժամանակակից ռուսական քարոզչությունը անհամեմատ զարգացել է խորհրդային տարիների համեմատ. եթե Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեին «Պրավդա» եւ «Իզվեստիա» թերթերի նման քարոզչության ընդամենը մի քանի մարմին, ապա այսօրվա Ռուսաստանը հովանավորում է հարյուրավոր քարոզչական մարմինների՝ «Ռուսաստանն այսօր» եւ «Սպուտնիկ» հսկաներից մինչեւ անհայտ առցանց էջեր: Ռուսաստանն ունի նաեւ իր սեփական, պետության կողմից ֆինանսավորվող թրոլների բանակ.

«Թրոլներն աշխատում են օր ու գիշեր, 12-ժամյա հերթափոխներով, յուրաքանչյուրը պարտավոր է օրն առնվազն 200 բառից բաղկացած 125 գրառում եւ մեկնաբանություն կատարել»:

Սքոթ Ռոլանդի խոսքով, ռուսական թրոլներին բացահայտելը հեշտ է՝ բավական է կիսվել սոցիալական ցանցերում Ռուսաստանին վերաբերող վիճելի տեղեկատվությամբ, որից հետո հարյուրավոր թրոլներ գործին կմիանան: Հենց այդպես է նա մի քանի հարյուր թրոլներ բացահայտել Բելառուսում իր դիվանագիտական առաքելության ընթացքում: Ռոլանդի կարծիքով, առցանց տեխնոլոգիաների զարգացումն ու դրա հետ կապված տեղեկատվության բազմությունն իրականում խանգարում են քաղաքացիներին կենտրոնանալ կարեւոր եւ վստահելի տեղեկատվության վրա.

«Երբ տեղեկատվությունը սակավ է, մարդիկ նախընտրում են փորձագիտական կարծիքներ լսել: Այդպես էր Խորհրդային Միությունում, սակայն, այսօրվա տեղեկատվական տարափի պայմաններում, մարդիկ նախընտրում են տեղեկություններ ստանալ սոցցանցերով՝ իրենց ընկերներից»:

Խնդրի միակ լուծումը Սքոթ Ռոլանդը տեսնում է իրական ճշգրիտ տեղեկատվության տրամադրման մեջ, որը սակայն լուրջ միջոցներ է պահանջում:

XS
SM
MD
LG