Այս վարչակազմը հաստատակամորեն հավատարիմ է եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովմանը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության միջազգային էներգետիկ հարցերով հատուկ բանագնացի պաշտոնակատար Մերի Ուորլիքն Ատլանտյան խորհուրդ հաստատությունում հրավիրված համաժողովի ընթացքում: Եվրոպայում էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման և անվտանգության խնդիրները շարունակում են մնալ արդիական, և այս հարցերի շուրջ էր կազմակերպված համաժողովը :
«Սա շատ կարևոր համաժողով է, որին մասնակցում են այս հարցերով կարևոր պաշտոնատար անձինք Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից: Կարծում եմ,՝ շատ կարևոր է, որ նրանք համագործակցեն և աշխատեն միասին»,- ասում է համաժողովը հյուրընկալող Գլոբալ էներգետիկ կենտրոնի նախագահ Ռիչարդ Մորնինգսթարը:
Ըստ դեսպան Մորնինգսթարի՝ էներգետիկ անվտանգությունը շարունակում է կարևոր խնդիր հանդիսանալ եվրոպական երկրների համար, քանի որ անհրաժեշտություն կա նվազեցնել գերկախվածությունը Ռուսաստանից էներգետիկ պաշարների մատակարարման առումով:
«Եվրոպայում ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ և հեղուկ գազի կայաններ, որոնք կօգնեն ԱՄՆ-ից և այլ երկրներից գազի մատակարարման ապահովմանը»,- ասում է Մորնինգսթարը:
Համաժողովին մասնակցող Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչները ընդգծեցին մայրցամաքում էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնեցին «Հյուսիսային հոսանք» գազամուղի ընդլայնման Ռուսաստանի նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն կմեծացնի կախվածությունը Ռուսաստանի էներգետիկ պաշարներից:
«Հյուսիսային հոսանքը քաղաքական նախագիծ է, ոչ տնտեսական: Ուկրաինայի պարագայում դա քաղաքական գործիք է, որը կօգտագործվի այդ երկրի դեմ»,- ասում է Լեհաստանի պետական նախարար Պյոտր Նամսկին
Ի տարբերություն նախագահ Օբամայի վարչակազմի, որը դեմ էր արտահայտվել «Հյուսիսային հոսանք» նախագծին, նախագահ Թրամփի վարչակազմն այս պահին չեզոք դիրոքորոշում ունի նախագծի վերաբերյալ, սակայն կարևորում է Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ապահովումը:
«Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է նայել այս նախագծի ռազմավարական նշանակությանն ու հասկանալ, թե որքանով է այն անհրաժեշտ»,-ասում է Մարի Ուորլիքը:
Իր հերթին եվրոպական էներգետիկ անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականության մասին դեսպան Մորնինգսթարն ասում է, որ դեռևս վաղաժամ է տալ որևէ վերջնական գնահատական:
«Կարծում եմ Արևելյան և Կենտրոնական Եվրոպան շարունակելու են մնալ կարևոր ԱՄՆ-ի համար»։
Եվրոպական երկրները շարունակում են էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացումը դիտարկել որպես առաջնահերթություն՝ Ռուսաստանից իրենց կախվածությունը նվազեցնելու համար: Միացյալ Նահանգներից հեղուկ գազի ներկրումն ու դրա ծավալների մեծացումը, ըստ քննարկումներին ներկա բանախոսների, կարող է մեծապես նպաստել Եվրոպայում էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացմանն ու Ռուսաստանից կախվածության նվազեցմանը:
Facebook Forum