Մատչելի հղումներ

Ճգնաժամը կարող է սերտացնել հարաբերություններն Իրանի ու Քաթարի միջեւ


ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին՝ Սիրիայում ցուցաբերվող ոչ անհրաժեշտ միջամտության ու տարածաշրջանում լարվածություն սերմանելու մեջ։ Իրանն իր հերթին մեղադրում է ԱՄՆ-ին Պարսից ծոցում Քաթար պետության շուրջ առաջ եկած ճգնաժամի համար, ինչի պատճառով, հայտարարում է Թեհրանը, մեծ ստվեր է ընկնում նաեւ Իրանի վրա։

Մեկ օր անց այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները խզեցին դիվանագիտական ու տնտեսական բոլոր կապերը Քաթարի հետ, այս երկրի մայրաքաղաք Դոհայի խանութներում արդեն նկատվեց ապրանքների պակաս։

Իրանի քաղաքական վերլուծաբաններից Ֆոադ Իզադին դատապարտում է Քաթարի մեկուսացումը, այն համարելով պատերազմի ձեւ։

՝՝Իրանն իր հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու ուղիներ է որոնում։ Եվ այժմ, երբ Քաթարը շրջափակված է հարավից, արեւելքից ու արեւմուտքից, Իրանի համար բացվում է այս երկրի կառավարության հետ ավելի լավ հարաբերություններ հաստատելու հնարավորություն՛՛։

Միակ ուղին մնում է հյուսիսը, իսկ հյուսիսում Իրանն է, ասում է նա։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել բին Ահմեդ Ալ-Ջուբեիրը պաշտպանում է Քաթարի դեմ ճնշամիջոցները՝ այս երկրի իշխանություններին մեղադրելով Իրանի հետ կապեր ունենալու մեջ։ Իրանը, նրա խոսքերով, անկայունություն սերմանելու եւ քաոս առաջ բերելու ուժ է։

՝՝Իրանը մահվան ու ավերածությունների ուժ է, որը Մերձավոր Արեւելքում մասնատում հրահրելու եղանակով ցանկանում է վերականգնել Պարսկական կայսրությունը՛՛, ասում է նա։


Իրանում շատերն են Մերձավոր Արեւելքում առաջ եկած լարվածության մեղքը բարդում Միացյալ Նահանգների վրա։

Նրանք հավատացած են, որ ԱՄՆ-ը այստեղ դեր է ստանձնել կուլիսների հետեւում։ Նրանցից շատերի համոզմամբ, Ամերիկան այս տարածաշրջանում դավադրություն է կազմակերպում, որպեսզի հակամարտություններ առաջ բերելու եղանակով առաջ բերի նաեւ իրենից զենք գնելու կարիք։

Ու քանի որ այժմ, բացի հյուսիսային ուղուց, փակ են Քաթարի տրանսպորտային բոլոր ուղղությունները, այն ստիպված կարող է շրջվել դեպի Իրան ու Իրաք։ Եվ ինչպես Իրաքի վարչապետն է ասել, իր երկիրն այս անհամաձայնության ընթացքում չի գրավելու կողմնակալ դիրքեր։

XS
SM
MD
LG