Այս շաբաթ Վաշինգտոնում ամենաուշագրավ իրադարձությունները հավանաբար զարգանան Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում, որտեղ սենատորների առջեւ վկայություններով է հանդես գալու Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին։
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին հինգշաբթի օրը պատասխանելու է Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամների հարցերին։ Ինչպես շատերն են ասում, այն կարող է դառնալ անցած տարիների ամենաաղմկահարույց օրը Վաշինգտոնում։ Չէ որ Քոմին շատ բան գիտի Ռուսաստանի հետ կապված հարցերի մասին, Ռուսաստանի կառավարության ու Թրամփի քարոզարշավի պաշտոնատար անձանց միջեւ կապերի մասին։
Հիշեցնենք, որ գաղտնի կապերի մասին հարցն ավելի խորացավ, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ազատեց նրան զբաղեցրած պաշտոնից՝ հայտարարելով, որ Քոմին լավ չի կատարել իր պարտականությունները։
Թրամփն ավելի ուշ ասել էր, թե շատ հաճելի մի ճաշի ընթացքում Քոմին իրեն տեղեկացրել էր, որ ինքը չի գտնվում հետաքննության ներքո։
Դրանից հետո Թրամփը ՝՝Թվիթեր՛՛-ի միջոցով սպառնացել էր Քոմիին, ակնարկելով, որ ինքն ունի իրենց խոսակցության ձայնագրությունը։ Իսկ ռուս դիվանագետների հետ մի հանդիպման ընթացքում Քոմիին նա անվանել էր ՝՝անհավասարակշիռ՛՛։
Հիմա հարցն այն է, թե արդյոք այս ամենից մի քանի շաբաթ անց Քոմին կտա հավասարազոր պատասխան, արդյոք կհրապարակի այն զեկույցները, որտեղ նա նկարագրել էր Թրամփի հետ իր զրույցները, այդ թվում ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքըլ Ֆլինի նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու համար իր վրա բանեցված ճնշումների մասին։
ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնում Քոմին շատ զուսպ էր իր մեկնաբանություններում։
Սակայն որպես սովորական քաղաքացի, նա կարող է ավելի ձայնեղ դառնալ։
Մի քանի օր է մնացել, մինչեւ Սենատում հանդես կգա ՀՖԲ-ի նախկին ղեկավարը, սակայն Սպիտակ տունն այս անգամ ցույց չի տալիս նրան խոչընդոտելու որեւէ նշան։
Facebook Forum