Մատչելի հղումներ

ԴԱԵՇ-ը նոր տարածքներ է որոնում ասիական երկրներում


Լոնդոնում ՝՝Լոնդոն Բրիջ՛՛ հայտնի կամրջի վրա ու նրա մոտակայքում շաբաթավերջին իրականացված ահաբեկչական հարձակումները նորից ցնցել են աշխարհը։ Սինգապուրում էլ այդ օրերին անվտանգության հարցերով անցկացված վեհաժողովը կենտրոնացավ ահաբեկչության դեմ միասնաբար պայքարելու խնդրի վրա։

Ասիայի անվտանգության հարցերով ամենամյա վեհաժողովը, որը ստացել է Շանգրի Լայի երկխոսություն անվանումը, այս տարի կենտրոնացավ Հարավչինական ծովում արհեստական կղզիները ռազմականացնելու Չինաստանի կողմից իրականացվող քայլերի, ինչպես նաեւ տարածաշրջանի անվտանգությանը Հյուսիսային Կորեայից սպառնացող վտանգի վրա։

Նաեւ անդրադառնալով Ֆիլիպինների բանակի ու ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորմանը համակիր խմբերի միջեւ ընթացող մարտերին, ինչպես նաեւ Ինդոնեզիայում իրականացված վերջին հարձակումներին ու Լոնդոնում ահաբեկչական վերջին հարձակմանը՝ ներկա պաշտոնատար անձինք խոստացան ծայրահեղականության դեմ պայքարում անել ավելին։

Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Ռիամիզարդ Ռիաքուդուի խոսքերով, Ֆիլիպիններում ՝՝Իսլամական պետության՛՛ 1 2ՕՕ զինյալներից 4Օ-ը Ինդոնեզիայից են։

՝՝Եվ մենք պատրաստ ենք համագործակցել անվտանգության, այդ թվում՝ տեղեկատվությունը միմյանց փոխանցելու հարցերում՛՛, հայտարարեց նա։

Նա նաեւ կոչ արեց զարկ տալ ծովահենության դեմ պայքարին։ Մալայզիան, Ֆիլիպիններն ու Ինդոնեզիան որոշել են օդային համատեղ վերահսկողության ծրագրեր իրականացնել Սուլուի ծովում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը շաբաթ օրը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները ԴԱԵՇ-ի դեմ պայքարում է ոչ միայն Իրաքում ու Սիրիայում, այլ նաեւ պատրաստ է դա անել հարավարեւելյան Ասիայում։

Ֆիլիպինների Մինդանաո քաղաքում իրականացված հարձակման մասին խոսելիս, նա ասել էր, թե

՝՝Նման հարձակումները հիշեցնում են բոլորիս, որ ահաբեկիչները մտածված կերպով են թիրախ ընտրում անմեղ մարդկանց։ Իսկ մենք համատեղ ջանքերով պիտի ոչնչացնենք ծայրահեղականներին, որպեսզի չմեռնեն անմեղները՛՛, ասել էր նա։

ԴԱԵՇ-ն այսօր տարածվելու նոր շրջաններ է որոնում՝ թիրախ ընտրելով Ինդոնեզիան։ Ըստ երեւույթին այն պատճառով, ասում է պաշտպանության նախարարը, որ այն մահմեդական ամենամեծ ազգաբնակչություն ունեցող երկիրն է աշխարհում։

Facebook Forum

XS
SM
MD
LG