Լոս Անջելեսից Լոնդոն թռիչքը մարդաշատ է: Մարդիկ ԱՄՆ-ից վերադառնում են Մեծ Բրիտանիա՝ չնայած Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների:
«Ուղակի պետք է լինել ավելի զգուշավոր, սակայն թույլ չտալ, որ այս ամենը խանգարի մեզ ապրել»,- ասում է ուղևորներից մեկը:
Լոնդոնի կամուրջը շարունակվում է վերահսկվել ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից: Այստեղ է տեղի ունեցել վերջին ահաբեկչական գործողությունը:
ԱՄՆ-ի նախագահ Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, որ հարկավոր է ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել մարդկանց անվտանգությանը: Նա քննադատել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին քաղաքացիներին հանգստացնելու համար: Քաղաքապետը կոչ էր արել զգոնության, սակայն հավելել էր, որ քաղաքն ամենաանվտանգն է աշխարհում:
«Այս ահաբեկիչների ցանկությունն է խարխլել մեր կյանքը: Նրանք ցանկանում են, որ մենք դադարենք վայելել մեր ազատությունը, կյանքը: Նրանք ցանկանում են, որ մենք չքվեարկենք հինգշաբթի օրվա ընտրություններին և չվայելենք մեր ժողովրդավարությունը: Մենք չենք կարող թույլ տալ նրանց դա անել»,- ասել է քաղաքապետ Խանը:
Լոնդոնի Բորո շուկայի ահաբեկչությունը տեղի ունեցավ Մանչեսթերում պոպ համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից երկու շաբաթ անց: Կիրակի օրը Մանչեսթերում երգչուհի Արիանա Գրանդեն հանդես եկավ բարեգործական համերգով:
Facebook Forum