Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը` միջազգային քննադատության ներքո


ԱՄՆ-ի նախագահը Միացյալ Նահանգները դուրս է բերում կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան համաձայնագրից, արժանանալով աշխարհի երկրների, բնապահպանների ու հսկա մի շարք ընկերությունների քննադատությանը:

Նախագահի պարտականությունները ստանձնելուց չորս ամիս անց Դոնալդ Թրամփը կատարում է քարոզարշավի ժամանակ տված եւս մեկ խոստում: Նա դեռեւս այն ժամանակ էր հայտարարում, որ Միացյալ Նահանգները դուրս է գալու կլիմայական փոփոխությունների շուրջ Փարիզյան համաձայնագրից: Նա այն ժամանակ եւ հիմա էլ պնդում է, որ միջազգային այս համաձայնագիրն իր պայմաններով չի բխում ԱՄՆ-ի տնտեսական շահերից:

Բնության պահպանության ակտիվիստները եւ Օբամայի վարչակազմի պաշտոնյաները ցավ են արտահայտում այն բանի համար, որ միանգամից կասեցվում է երկրագնդի ջերմացման ընթացքը կանգնեցնելուն ուղղված երկար տարիների աշխատանքի արդյունքը:

Ինչպես Օբամայի վարչակազմում կլիմայական հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Էնդրու Լայթն է ասում, ‘’Եթե այս գործընթացում միշտ ամենաառաջադեմ եւ հաստատակամ դիրք որդեգրած ԱՄՆ-ը այլեւս չնստի բանակցությունների սեղանի շուրջը, Փարիզյան համաձանագիրը մեծապես կտուժի՛՛:

Ավելի անսպասելի էին Թրամփին քննադատող Ամերիկայի ամենախոշոր մի քանի ընկերությունների հայտարարարությունները:

Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի դասախոսներից Էմիթ Ռոզենը հիշեցնում է Apple, Google, Microsoft, Ford ընկերությունների օրինակը, որոնք հսկայական ներդրումներ են կատարել մաքուր էներգիայի բնագավառում եւ հիմա չեն ուզում հանդես գալ խաղից դուրս իրավիճակում:

Փարիզի համաձայնագրից Ամերիկան դուրս բերելու հարցում Թրամփի տեսակետին դեմ են եղել նրա դուստ Իվանկան, փեսան’ Ջարեդ Քուշները եւ կառավարության մի շարք անդամներ, սակայն վերջում հարցը պտտվել է մեկ խնդրի շուրջ’ տնտեսության:

Չնայած Թրամփն ասում է, թե ինքը պատրաստվում է վերաբանակցել երկրագնդի ջերմացման ընթացքը կանգնեցնելուշուրջ այլ համաձայնագիր ստորագրելու համար, Փարիզի պայմանագրից դուրս գալու մասին նրա որոշումը արդեն տվել է առաջին բացասական պատասխանները: Միլիարդատեր Էլոն Մասքը հրաժարվել է խորհրդատվական այն երեք մարմինների ց, որոնց կազմում իրեն նշանակել էր Թրամփը:

Երկար սպասեցնել չտվեցին Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի առաջնորդները: Նրանց հրապարակած համատեղ հայտարարությունը ցավ է արտահայտում ԱՄՆ-ի նախագահի կողմից բռնած դիրքի համար:

Եվրոպական Միություն-Չինաստան 12-րդ գագաթաժողովի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Քլոդ Յունքերն ասել է, թե Չինաստանը համաձայնագրի հարցում Եվրոպայի հետ է: ‘’Էներգիայի ընտրության հարցում հետադարձ ճանապարհ չկա: Մենք չենք շեղվելու Փարիզյան համաձայնագրից’’:

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն ասել է, թե համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը չի կարող աշխարհին հետ պահել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարից: ‘’Կլիմայական փոփոխությունն անհերքելի փաստ է եւ մեր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգը: Այդ պատճառով մեր գործողություններն էլ պիտի լինեն անդադար, եւ ես հորդորում եմ աշխարհի բոլոր երկրների կառավարություններին, հավատարիմ մնալ Փարիզյան համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու իրենց ստանձնած պարտավորություններին’’, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու մասին Փարիզյան համաձայնագիրը կանգնած է դժվար կացության առջեւ: Սակայն դժվարություն այսօր դեռեւս չի նշանակում փակուղի:

Facebook Forum

XS
SM
MD
LG