Մատչելի հղումներ

Թուրքիայում քրդերը ենթարկվում են նույն քաղաքականությանը, որն իրականացվել է հայերի դեմ 100 տարի առաջ, ասում է ազգությամբ քուրդ Հայաստանի օրենսդիրը


Newroz with Kurdish flag
Newroz with Kurdish flag

«Սա մեծ պատիվ էր ինձ համար և ամբողջ քուրդ ժողովրդի»,- Ամերիկայի Ձայնի քրդական ծառայության հետ զրույցում ասում է Հայաստանի 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Կնյազ Հասանովը՝ խոսելով որպես ամենատարեց պատգամավոր իրեն ստանձնած նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը վարելու պատասխանատվության մասին:

Կնյազ Հասանովն ազգությամբ քուրդ է: Հայաստանի Ազգային ժողովում ներկայացնում է 4 ամենախոշոր ազգային փոքրամասնության խմբերից քրդականը:

Ըստ նրա, ազգությամբ քուրդ պատգամավորի կողմից Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի վարումը մեծ ոգևորություն առաջացրեց աշխարհի քրդական բազմաթիվ համայնքներում: Նման հնարավորություն ընձեռվեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո, որի արդյունքում օրենքով պատգամավորական մանդատներ սահմանվեցին Հայաստանում 4 ամենախոշոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:

Հասանովն այս փոփոխությունը դիտարկում է որպես մեծ առաջընթաց և Հայաստանում ժողովրդավարության զարգացման ապացույց: Նա ասում է, որ այս փոփոխությունը մեծապես կօգնի Հայաստանում ազգային փոքրամասնությունների՝ մասնավորապես քուրդ ժողովրդի խնդիրների բարձրացմանն ու լուծմանը:

Հարցազրույցում Կնյազ Հասանովն անդրադարձավ քրդաբնակ ու եզդիաբնակ գյուղերին հուզող խնդիրներից մեկին, որը կապված է Հայաստանում ընթացող համայնքերի խոշորացման գործընթացի հետ: Ըստ Հասանովի ՝ խոշորացումը կարող է բացասաբար անդրադառնալ նման շուրջ 20 գյուղերի զարգացմանը՝ կապված դրանց աշխարհագրական լեռնային դիրքի, ազգային պատկանելիության, ինչպես նաև կրթական հաստատությունների հետ, քանի որ խոշորացման են ենթարկվում նաև դպրոցները: Նա առաջարկում է զերծ պահել քրդաբնակ ու եզդիաբնակ գյուղերը խոշորացման գործընթացից:

Անդրադառնալով եզդի և քուրդ ժողովուրդների միջև տարանջատմանը՝ պատգամավոր Հասանովն ասում է, որ այս խնդիրը չափազանց տարածված է քրդերի ու եզդիների շրջանակում ոչ միայն Հայսատանում, այլև այլ երկրներում, ներառյալ Իրաքում: Նա գտնում է, որ այս երկու խմբերն էլ ունեն քրդական ազգային պատկանելիություն, նույն մշակույթի ու լեզվի կրողներ են, միակ տարբերությունը կրոնի մեջ է: Չնայած Հասանովը տարբերություն չի դնում այս երկու խմբերի միջև, նա ընդգծում է, որ յուրաքանչուրն ազատ է ինքը որոշելու, թե որ խմբին է պատկանում:

Իր հարցազրույցի ընթացքում ազգությամբ քուրդ պատգամավոր Հասանովը խոսել է նաև Թուրքիայում քրդական խնդրի մասին՝ ընդգծելով, որ այնտեղ քրդերն ենթարկվում են էթնիկական զտումների: Ըստ նրա՝ Էրդողանի գլխավորությամբ թուրքական իշխանություններն այսօր քրդերի նկատմամբ իրականացնում են նույն ցեղասպան քաղաքականությունը, ինչը իրականացվել է հայերի դեմ ավելի քան հարյուր տարի առաջ: Նա ասում է, որ Թուրքիայում ոտնահարվում են քրդերի բոլոր իրավունքները ներառյալ մայրենի լեզվի օգտագործման իրավունքը: Ըստ Հասանովի, այս քաղաքականության հիմնական նպատակն է ստիպել քրդերին լքել իրենց հայրենիքը:

Facebook Forum

XS
SM
MD
LG