Մատչելի հղումներ

Բարձրաստիճան կոնգրեսականն աջակցում է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթի բացմանը


FILE - An American Airlines Boeing 767 waits to take off at Los Angeles International Airport.
FILE - An American Airlines Boeing 767 waits to take off at Los Angeles International Airport.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն ողջունել է Լոս Անջելեսի քաղաքապետարանում «Լոս Անջելեսի համաշխարհային օդանավակայաններ» անվանումը կրող վարչության և Հայ դատի հանձնախմբի միջև քննարկումները՝ Լոս Անջելեսից Երևան ուղիղ չվերթ կազմակերպելու վերաբերյալ:

«Ուրախ եմ, որ Հայ դատի հանձնախմբի և «Լոս Անջելեսի համաշխարհային օդանավակայաններ»-ի միջև սկսվել է երկխոսություն՝ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից Երևան ուղիղ չվերթ կազմակերպելու շուրջ: Որպես Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի և ենթակառուցվածքների հանձնաժողովի, ինչպես նաև ավիացիայի ենթահանձնաժողովի անդամ, ես պատրաստ եմ աջակցել այս ստեղծարար նախաձեռնությանը՝ ուսումնասիրելով, թե ինչպես է հնարավոր ուղիղ կապ հաստատել Լոս Անջելեսի և Հայաստանի միջև: Ես ողջունում եմ Հայ Դատի հանձնախմբին և Լոս Անջելեսի քաղաքապետարանի ավիացիայի վարչությանը այս ուղղությամբ առաջին քայլերը ձեռնարկելու համար»,- հայտարարել է կոնգրեսական Նապոլիտանոն:

Կոնգրեսականն ընդգրկված է տրանսպորտի հանձնաժողովի ավիացիայի ենթահանձնաժողովում և մեծ ուշադրություն է ցուցաբերում ավիացիայի ոլորտի հետ կապված խնդիրներին: Ենթահանձնաժողովն առնչվում է այս ոլորտի բազմաթիվ խնդիրների հետ, ներառյալ անվտանգության ապահովման, ենթակառուցվածքների զարգացման, աշխատատեղերի և այլն: Ավիացիայի դաշնային վարչության բոլոր ծրագրերը, բացառությամբ հետազոտական ծրագրերի, ուսումնասիրվում են ենթահանձնաժողովի կողմից:

Իր հերթին Հայ Դատի հանձնախումբն արձագանքել է կոնգրեսականի հայտարարությանը:

«Սան Գաբրիել հովտի Հայ Դատի հանձնախումբն ուրախ է, որ կոնգրեսական Նապոլիտանոն աջակցում է Երևանի և Լոս Անջելեսի միջև ուղիղ չվերթ բացելու վերաբերյալ Հայ Դատի հանձնախմբի նպատակը: Հպարտ ենք, որ երկար տարիներ՝ 1992 թվականից ի վեր, երբ կոնգրեսական Նապոլիտանոն առաջին անգամ ընտրվեց Կալիֆորնիայի նահանգային խորհուրդ, իսկ 1998 թվականին՝ ԱՄՆ-ի Կոնգրես, պատիվ ունենք աշխատելու կոնգրեսականի հետ»,- հայտարարել է հանձնախմբից Լևոն Կիրակոսյանը:

Այս ամսվա սկզբին էր Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել «Լոս Անջելեսի համաշխարհային օդանավակայաններ» անվանումը կրող վարչության պաշտոնյաների հետ՝քննարկելու Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթ կազմակերպելու հարցը: Հանդիպմանը «Լոս Անջելեսի համաշխարհային օդանավակայաններ»-ի կողմից մասնակցել են բարձրաստիճան ներկայացուցիչ Դեբորահ Ֆլինթն ու գործադիր տնօրենի տեղակալ Թրևոր Դեյլին։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ներկայացրել են հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը և ավիացիայի ոլորտի մասնագետ, ամերիկահայ Զանգու Արմենյանը:

Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությանն ու դաշնային այլ կառույցների աջակցել Երևան –Լոս Անջելես ուղիղ չվերթի կազմակերպման նախաձեռնությանը, որը նախատեսված է լինելու ինչպես ուղևորների, այնպես էլ՝ բեռնափոխադրումների համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG