Մատչելի հղումներ

Ադրբեջանցի լրագրողին առեւանգել են Վրաստանից


Վրաստանում բողոքի հավաքված իրավապաշտպանները փորձում են կանխել Վրաստանից առեւանգված ադրբեջանցի լրագրողի նկատմամբ խոշտանգումները ադրբեջանական իրավապահների կողմից:

Վրաստանից առեւանգված եւ ուժով Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին իր առեւանգումից օրեր առաջ «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում.

«Մնալով այստեղ, մենք խախտում ենք Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների գործարքները: Վրաստանի նոր կառավարությունը ճնշում է մեզ, ցանկանում է, որ մենք հեռանանք: Եթե Ադրբեջանի ու Վրաստանի ՀԿ-ներն ու միջազգային կառույցները գործնական քայլերի չդիմեն, մեր կյանքը վտանգված է»:

Վրաստանից Մուխթարլիի առեւանգումն իրավապաշտպանների մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել: Human Rights Watch կազմակերպության Հարավային Կովկասի մասնաճյուղի ղեկավար Գիորգի Գոգիայի խոսքով, լրագրողի առեւանգումը կամ բռնի վերադարձը Ադրբեջան կասկածի տակ է դնում վրացական իրավապահ մարմինների աշխատանքը.

«Հետաքննություն է անհրաժեշտ, որը կպարզի, թե արդյոք վրացական կողմը տեղյակ կամ անտեղյակ համագործակցել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ՝ Վրաստանում լրագրողին առեւանգելու նպատակով»:

Ադրբեջանցի հայտնի լրագրող եւ իրավապաշտպան Խադիջա Իսմայիլովան, ով ձերբակալվել եւ 7.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ադրբեջանում, այնուհետեւ միջազգային ճնշման տակ 2016-ի մայիսին ազատ արձակվել՝ Ադրբեջանից չհեռանալու պայմանով, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում պաշտոնական Բաքվի գործողությունները համեմատել է ստալինյան Սմերշ՝ մահ լրտեսներին կառույցի գործողությունների հետ, նշելով, որ Վրաստանի իշխանությունները մեղքի իրենց բաժինն ունեն կատարվածի համար:

Իրավապաշտպաններն ու Մուխթարլիի ազգականները կասկած չունեն, որ առեւանգումը կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ:

«Նա աշխատում էր հոդվածների վրա, որոնք նվիրված են Վրաստանում ադրբեջանական ղեկավարների եւ Ալիեւների ընտանեկան բիզնեսին, ինչն վերջիններիս շատ էր զայրացնում», - Աֆղան Մուխթարլիի տիկնոջ, Լեյլա Մուսթաֆաեւայի խոսքով, լրագրողի կամավոր այցն Ադրբեջան բացառված է. – «Ինչպե՞ս նա կարող էր հատել սահմանն առանց անձնագրի: Ահա նրա անձնագիրը, այն տանն էր»:

Իրավապաշտպան Amnesty International կազմակերպության համաձայն, արդեն Ադրբեջանում լրագրողն ասել է իր պաշտպանին, որ քաղաքացիական հագուստով անհայտ մարդիկ իրեն առեւանգել եւ ծեծի են ենթարկել, որից հետո տեղափոխել Ադրբեջան եւ իր գրպանում 10,000 եվրո դրել, որպեսզի Ադրբեջանի ոստիկանությունը մեղադրի լրագրողին սահմանի ապօրինի խախտման եւ մաքսանենգության մեջ: Իրավապաշտպանները կոչ են անում միջազգային հանրությանը միջամտել եւ թույլ չտալ, որպեսզի Ալիեւի ֆինանսական գործունեությունը հետաքննող լրագրողն Ադրբեջանում խոշտանգումների ենթարկվի:

Facebook Forum

XS
SM
MD
LG