Մատչելի հղումներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ծխախոտի օգտագործումն ու ծխախոտի ծուխը տարեկան ավելի քան յոթ միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է հանդիսանում, ինչպես նաև՝ հանգեցնում սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական հետևանքների:

Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախօրեին տարածած համատեղ զեկույցը ընդգծում է ծխախոտի բացասական հետևանքները շրջակա միջավայրի վրա:

«Մեծ տնտեսական վնասից բացի, այն նաև բացասաբար է ազդում երկրի ընդերքի վրա, նպաստում՝ անապատացմանը: Պետական մարմինները ծխախոտ արտադրող ընկերություններից այս մասին ոչ մի հաշվետվություն չեն պահանջում: Այդ պատճառով մենք չունենք ստույգ տեղեկատվություն», - հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի վերահսկողության համակարգող և ծրագրի տնօրեն Վինայակ Պրասադը:

Ըստ զեկույցի՝ ծխախոտի թափոնները պարունակում են ավելի քան 7 հազար թունաքիմիկատներ և քաղցկեղածին տարրեր, որոնք վնասակար են թե՛ մարդու, թե՛ շրջակա միջավայրի համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ յուրաքանչյուր տարի ծխախոտը և ծխախոտի ծուխը միլիոնավոր մարդկանց վաղաժամ մահվան, կուրության, անդամահատման, քրոնիկական բրոնխիտների, թուլության և սրտի իշիեմիկ հիվանդությունների պատճառ է հանդիսանում:

Չնայած ծխելու կանխարգելմանն ուղղված վերոնշյալ կազմակերպությունների ջանքերին՝ ծխախոտի հետ կապված մահացությունների թիվը, որը ներառում է հիմնականում երկարաժամկետ ծխողների, ավելանում է տարեցտարի:

XS
SM
MD
LG