Իրաքի մայրաքաղաք Բաղդադի փողոցներում երեքշաբթի օրը տեղի ունեցած երկու ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 24 մարդ: Տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Առաջին ահաբեկչական գործողությունը մեքենայի պայթյունի միջոցով տեղի է ունեցել Բաղդադի մարդաշատ Քարադա շրջանի հայտնի պաղպաղակի խանութում, որը խլել է 15 մարդու կյանք:
Դաեշ-ն իր վրա է վերցրել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
Մի քանի ժամ անց պայթյուն է տեղի ունեցել քաղաքի Շավաքա թաղամասի կառավարական շենքերի մոտ, որի արդյունքում զոհվել է առնվազն 9 մարդ:
Այս հարձակումները կազմակերպվել են Ռամադան մահմեդական տոնի օրերին, երբ շատերն այցելում են գիշերվա ժամերին ռեստորաններ և սրճարաններ, քանի որ ըստ իսլամական կրոնական օրենքների, պետք է հրաժարվեն սննդից օրվա ընթացքում:
Դաեշ-ն իր վրա էր վերցրել նաեւ անցած տարի Քարադայի շրջանում բեռնատարի պայթյունի միջոցով ահաբեկչական գործողության պատասխանատվությունը։ Այս գործողության արդյունքում մոտ 300 մարդ էր զոհվել:
Ահաբեկչական խմբի զինյալները շարունակում են կորցնել տարածքներ՝ հօգուտ ԱՄՆ-ի կողմից սատարվող կառավարական զորքերի: Այդ տարածքներն անցել էին Դաեշ-ի վերահսկողության ներքո 2014 թվականին:
Ծանր մարտեր են ընթանում Դաեշ-ի կողմից զավթված ամենախոշոր կենտրոնի՝ Մոսուլ քաղաքի համար: Կառավարական ուժերն ազատագրել են քաղաքի արևելյան հատվածը և այժմ մարտեր են մղում արևմտյան հատվածի վերջնական ազատագրման համար:
Facebook Forum