Ամերիկյան ռազմածովային ուժերը տեղեկացնում են, որ բալիստիկ հրթիռն արձակվել է Հյուսիսային Կորեայի արևելյան ափերին գտնվող Վոնսան քաղաքի մոտակայքից: Ամերիկյան ուժերը հետևել են հրթիռի 6 րոպեանոց թռիչքին մինչև այն ընկել է Ճապոնական ծովի ջրերը:
Ըստ ամերիկյան ուժերի, հրթիռը չի սպառնում Միացյալ Նահանգներին: Ճապոնիայի վարչապետի արձագանքը, սակայն, եղել է կտրուկ:
«Ինչպես համաձայնվել ենք Մեծ յոթնյակի վերջին գագաթաժողովին, Հյուսիսային Կորեան ընդհանուր խնդիր է: Վերջինիս զսպելու համար մենք ԱՄՆ-ի հետ կդիմենք համապատասխան քայլերի»,- ասել է Ճապոնիայի վարչապետը:
Սա Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի երկրորդ փորձարկումն է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը սպառնացել էր նոր պատժամիջոցներ կիրառել, իսկ Մեծ յոթնյակը դատապարտել էր Հյուսիսային Կորեայի գործողությունները:
Ակնհայտ է, որ հյուսկորեական վարչակարգի նպատակն է ստեղծել հրթիռ, որը կարող է խոցել Միացյալ Նահանգների տարածքը, սակայն գրեթե անհնար է պարզել, թե ինչ առաջընթաց է գրանցել վարչակարգն այս հարցում:
Նոր պատժամիջոցների կիրառման սպառնալիքին զուգահեռ ԱՄՆ-ը Կորեական թերակղզուն է մոտեցրել ծովային ուժերև այնտեղ անցկացրել համատեղ զորավարժություններ Հարավային Կորեայի հետ:
Սակայն չնայած Հյուսիսային Կորեայի դեմ Թրամփի վարչակազմի կտրուկ խոսքերին ամերիկյան վարչակազմը դեռևս հանդես չի եկել Փհենյանի հարցում հստակ քաղաքականությամբ։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը զգուշացրել է, որ եթե չգտնվի դիվանագիտական լուծում Հյուսիսային Կորեայի հարցի վերաբերյալ, ռազմական գործողությունների պարագայում այն կարող է վերածվել ավերիչ պատերազմի:
Facebook Forum