Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ում ավելի շատ խոսում են պատերազմի, քան խաղաղության մասին


ՆԱՏՕ-ում ավելի շատ խոսում են պատերազմի, քան խաղաղության մասին
please wait

No media source currently available

0:00 0:02:10 0:00

Բրյուսելում սկսվեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի քննարկման հիմնական առարկան ահաբեկչության դեմ պայքարն է։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հինգշաբթի օրը ժամանեցին Բրյուսել Անգլիայի Մանչեսթեր քաղաքում իրականացված ահաբեկչական հարձակումից 3 օր անց։ Այդ պատճառով ոչ միայն անվտանգության արտակարգ միջոցառումներ են իրականացվել, այլ նաեւ գագաթաժողովն է կենտրոնացել հիմնականում ահաբեկչության դեմ պայքարի վրա։

Քաղաքում անցկացվում են ցույցեր ու երթեր։ Ձախակողմյան ցուցարարներն ասում են, թե ժամանակին իրենք լավ էին ընդունել Թրամփի այն խոսքերը, որ ԱՄՆ-ը հեռու է մնալու ամբողջ աշխարհի խնդիրներին միջամտելու իր նախկին դիրքից։

՝՝Սակայն՛՛, ասում են նրանք, ՝՝այժմ Կոնգրեսը ստիպում է նրան որդեգրել ավելի ագրեսիվ դիրքեր, քան Օբաման՛՛։

Գագաթաժողովում Թրամփի գլխավոր ուղերձն այն էր, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունները պիտի կատարեն իրենց Ազգային համախառն արտադրանքի 2 տոկոսը պաշտպանությանը տրամադրելու պարտավորությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի խոսքերով, ՆԱՏՕ-ն այդ ուղղությամբ գրանցում է առաջընթաց։ ՝՝Երկար տարիներ գրանցված անկումից հետո եվրոպական դաշնակիցների ու Կանադայի կողմից ծախսումների ծավալներն աճել են միլիարդավոր դոլարներով՛՛։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 պետություններից միայն հինգն են կատարում այդ պարտավորությունը։ Այդ պետություններն են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Հունսաստանը, Լեհաստանն ու Էստոնիան։

Սակայն ռազմական բնագավառում ծախսումներն ավելացնելու կոչը չի գոհացնում նրանց, ովքեր ավելի շատ սոցիալական բնագավառում ծախսումների կողմնակից են։

՝՝Մենք չենք ուզում, որ պատերազմի համար գումարներ ծախսվեն ի հաշիվ կրթության, առողջապահության ու սոցիալական ծառայությունների՛՛, ասում են նրանք։

Թրամփն աշխարհի թիվ մեկ խնդիր է համարում ահաբեկչությունը։ ՝՝Եվ չափազանց կարեւոր է՛՛, ասում է նրա արտգործնախարար Ռեքս Թիլերսոնը, ՝՝որ ԴԱԵՇ-ին պարտության մատնելու համար ՆԱՏՕ-ի դաշինքը միանա ԱՄՆ-ին՛՛։

Թրամփը նաեւ նախազգուշացնում է անվերահսկելի ներգաղթից բխող վտանգի մասին։

՝՝Հազարավոր ու հազարավոր մարդիկ են լցվում տարբեր երկրներ ու տարածվում այլուր։ Իսկ շատ դեպքերում մենք չենք ունենում տեղեկություններ նրանց ինքնության մասին՛՛, հայտարարել է նա գագաթաժողովի ժամանակ՝ կոչ անելով ընդունել ավելի կարծր դիրք։

Եվրոպական Միության ղեկավարներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Թրամփը կարող է հրաժարվել ջերմոցային գազերի արտանետման ծավալները կրճատելու գործում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություններից։ ՝՝Սակայն ես հարգում եմ Փարիզի համաձայնագիրը Թրամփի կողմից ուսումնասիրվելու փաստը՛՛, Թրամփի հետ առաջին հանդիպումից հետո ասել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, որը ցանկանում է իր երկրում երկարաձգել արտակարգ իրադրության ժամկետը։

Չափազանց լարված իրավիճակ Եվրոպայում, որը ՆԱՏՕ-ի ղեկավարներին ստիպում է այսօր ավելի շատ խոսել ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի մասին։

XS
SM
MD
LG