Մատչելի հղումներ

Ուոթերգեյթից մինչեւ Դոնալդ Թրամփ


ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում է քաղաքական երկար պայքարի
please wait

No media source currently available

0:00 0:02:19 0:00

Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է դեռեւս միայն 4 ամիս, սակայն արդեն հայտնվել է մի իրավիճակի մեջ, երբ փորձում է խույս տալ սկանդալային խորը ճգնաժամերի մեջ հայտնված իր մի քանի նախորդների ճակատագրերից։ Իսկ պատմությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի նախագահները շատ հաճախ են քաղաքական մեծ գին վճարում, երբ հայտնվում են նման իրավիճակներում։

ԱՄՆ-ի նախագահի խոսքերով, պատմության մեջ քաղաքական որեւէ գործչի չեն վերաբերվել այնքան անարդար ու վատ, որքան վերաբերվում են իրեն։ Պատճառը նախագահական անցած ընտրությունների ժամանակ Ռուսաստանի կողմից ցուցաբերված միջամտության հարցն է։ Սկանդալային պատմություն, որն ինքնին հիշեցնում է նախագահական նախորդ սկանդալների մասին։ Պատմություն, որի էջերից մեկը վերաբերում է Ուոթերգեյթին, երբ պարզվեց, որ նախագահ Ռիչարդ Նիքսոնի վարչակազմի օրոք գաղտնալսումներ են իրականացվել Դեմոկրատական կուսակցության գլխավոր գրասենյակներում։ Նախագահի վրա ճնշումներն ավելի ուժգնացան, երբ պարզվեց, որ Սպիտակ տունը փորձում էր կոծկել այդ ամենը։

Այդ օրերին էր, երբ Նիքսոնը հայտարարեց. ՝՝Վաղը կեսօրին ես վայր կդնեմ նախագահի լիազորությունները՛՛։

Դրանից 12 տարի անց Ռոնալդ Ռեյգանի նախագահությունը հայտնվեց վտանգի տակ ՝՝Իրան-Կոնտրա՛՛ անվանումը ստացած սկանդալի պատճառով, երբ պարզվեց, որ Ռեյգանի օգնականները մշակել էին մի ծրագիր, որի համաձայն ԱՄՆ-ը պիտի զենք վաճառեր Իրանին, ապահովելու համար ամերիկացի պատանդների ազատ արձակումը։ Զենքի վաճառքից ստացված եկամուտներն էլ ԱՄՆ-ը պիտի փոխանցեր Նիկարագուայի ձախթեւային, սոցիալիստական կառավարության դեմ պայքարող, ՝՝Կոնտրա՛՛ անվանումը կրող ապստամբ ուժերին։

Ռոնալդ Ռեյգանն այդ օրերին հանդես եկավ այս հայտարարությամբ.

՝՝Մի քանի ամիս առաջ ես վստահեցնում էի ամերիկացիներին, որ պատանդների դիմաց զենք չենք վաճառել։ Սակայն փաստերն ու իրողություններն ասում են հակառակը՛՛։

Հիշեցնենք, որ այն ժամանակ հետաքննությունը խոչընդոտի առաջ կանգնեց, երբ Ռեյգանի վարչակազմի պաշտոնատար անձինք ոչնչացրին հսկայական ծավալով փաստաթղթեր։


1998 թվականին նախագահ Բիլ Քլինթընը դարձավ երկրի պատմության մեջ երկրորդ նախագահը, որին անվստահության քվե հայտնեց Կոնգրեսը։ Ներկայացուցիչների պալատը նրան մեղադրեց Մոնիկա Լյուինսկիի հետ սիրային կապերի մասին ստելու մեջ։

՝՝Ես սեռական հարաբերություն չեմ ունեցել այդ կնոջ հետ՛՛, մինչ այդ հայտարարել էր Քլինթընը։

Սակայն Քլինթընը մնաց իր պաշտոնին, երբ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատն արդարացրեց նրան։

Թրամփի դեպքում Ռուսաստանի հետ գաղտնի գործարքների մասին տեղեկություններն ապացուցելու հանգամանքը կարող է կործանարար լինել Թրամփի համար։ Ինչպես վերլուծաբաններից Փոլ Շիֆ Բերմանն է ասում, այն կարող է ստվերի տակ դնել Ուոթերգեյթը։

Սակայն մյուս կողմից, Թրամփի վրա քաղաքական հետեւանքները կարող են երկար ժամանակ մնալ անարդյունք, քանի որ Ռուսաստանի հետ կապված հետաքննությունը կարող է շարունակվել շատ երկար ժամանակ։

Թրամփն այս պահին կենտրոնացել է դիվանագիտության վրա։ Սակայն նաեւ պատրաստվում է քաղաքական երկար պայքարին, որը սկսվելու է, երբ նա տուն վերադառնա նախագահական առաջին ուղեւորությունից հետո։

XS
SM
MD
LG