Մատչելի հղումներ

Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է, գրում է New York Times-ը


Armenia's Henrik Mkhitaryan (2nd L) fights for the ball with Denmark's William Kvist (L) and Christian Eriksen during their 2014 World Cup qualifying soccer match in Copenhagen June 11, 2013. REUTERS/Jens Noergaard Larsen/Scanpix Denmark (DENMARK - Tags:

Հեղինակավոր New York Times պարբերականը հրապարակել է Ռորի Սմիթի «Մխիթարյանի Հայաստանը միշտ իր հետ է» վերնագրով հոդվածը, ուր անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անցած ուղուն և Հայրենիքի հետ նրա ունեցած կապին: Հոդվածը հրապարակվել է Եվրոպայի լիգայի եզրափակչի նախօրեին, որտեղ կհանդիպեն Մխիթարյանի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբն ու հոլանդական «Այաքս»-ը: Ըստ Մխիթարյանի, իր ակումբի հնարավոր հաղթանակը ոչ միայն մեդալ կբերի իրեն, այլև հնարավորություն կտա շատերին պարզելու, թե ինչ է Հայաստանը և որտեղ է այն գտնվում:

Պարբերականը պատմում է Հենրիխ Մխիթարյանի մասնագիտական որակների մասին՝ նշելով, թե ինչպես իր կարիերայի սկզբում Հենրիխը խաղերից երեք օր առաջ անջատում էր հեռախոսը՝ խաղի վրա կենտրոնանալու համար: Այժմ 28 ամյա ֆուտբոլիստը գիտակցում է, որ նման ինտենսիվությունն անառողջ էր: Նա հաճախ խաղերից հետո երկար ժամանակ տխուր էր՝ վերհիշելով թույլ տված սխալները, փնտրելով իր մեղավորությունն ամեն մի պարտության մեջ և հաճախ պարտությունից գոյացած իր զայրույթը ուղղելով դեպի իր ընկերներն ու հարազատները:

Այժմ նա համոզվել է, որ այդ ամենն անարդյունավետ է, քանի որ դա ավելի շատ վնասում էր իր ֆիզիկական պատրաստվածությանը, քան օգնում՝ մշտական լարվածության մեջ պահելով իրեն,- գում է The New York Times-ը:

Ըստ պարբերականի, այժմ Մխիթարյանը փորձում է ազատ ժամանակ լիցքաթափվել ֆուտբոլից որքան հնարավոր է: Նա պարբերաբար ընթրում է իր թիմակիցներ Զլատան Իբրահիմովիչի ու Պոլ Պոգբայի հետ, հաճախում կինոթատրոն, սակայն անկախ իր զբաղվածության աստիճանից, 34 միլիոնանոց ֆուտբոլային աստղը պարտադիր ժամանակ է հատկացնում՝ YouTube-ով Հայաստանի ֆուտբոլային ակումբների խաղերը դիտելու համար:

Պարբերականը նշում է, որ Հայաստանում ակումբային ֆուտբոլը ցածր մակարդակի վրա է, ուր խաղում են ընդամենը վեց ակումբներ, ուստի նա խաղերի դիտումից հաճույք չի ստանում: Մասամբ Մխիթարյանը դրանք դիտում է ի նշան հավատարմության դեպի իր հարազատ «Փյունիկ» ակումբը, որտեղից սկսել է իր ֆուտբոլային կարիերան, ինչպես նաև դեպի իր ընկերների, ովքեր շարունակում են խաղալ այնտեղ:

«Սակայն գլխավորապես նա դա անում է, քանի որ անկախ նրանից, թե որտեղ է նա գտնվում կամ ով է դարձել, Մխիթարյանի մի մասը մշտապես Հայաստանում է՝ տանը»,- գրում է New York Times-ը:

Այնուհետև պարբերականը պատմում է Մխիթարյանի ֆուտբոլային անցած ուղու մասին, որի ընթացքում նա հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ» և «Շախտյոր», ինչպես նաև գերմանական Դորտմունդի «Բորուսիա» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբներում: Այդ ընթացքում, ըստ պարբերականի, Մխիթարյանը սովորեց ևս չորս լեզուներ՝ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, ուկրայիներեն, ի հավելում հայերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն լեզուների:

«Ուր էլ հայերը գնան, նրանք իրենց շուրջ ստեղծում են նոր Հայաստան»,- մեջբերում է Մխիթարյանի խոսքերը New York Times-ը՝ ֆուտբոլիստի հետ զրուցելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երիտասարդական ակադեմիայում: Նույն կերպ վարվել է հայ ֆուտբոլիստը Մանչեսթերում: New York Times-ը գրում է, որ Մխիթարյանը դարձել է քաղաքում գործող հայկական the Armenian Taverna պանդոկի մշտական հաճախորդը, որով մեծ ճանաչում է շնորհել 1968 թվականից գործող պանդոկին: Ինչպես նշում է պարբերականը, Մխիթարյանի այնտեղ շաբաթական մեկ անգամ այցելությունների պատճառով, այն հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում:

New York Times-ը նշում է, որ Հայաստանի հետ նրան կապում են նաև այլ հիշողություններ: Մխիթարյանը վերջին անգամ այցելել է կինոթատրոն՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը դիտելու համար, որը խորապես ցնցել է նրան: Նա չի քննարկել այն իր թիմակիցների հետ՝ մտածելով, որ ֆիլմը նրանց հետաքրքիր չի լինի:

«Մի կողմից տխուր էի, սակայն մյուս կողմից՝ հպարտ ֆիլմը դիտելուց հետո»,- ասում է հայ կիսապաշտպանը:

New York Times-ը ընդգծում է, որ Մխիթարյանը իրավացիորեն կարող է հպարտ լինել, որ անգամ եթե աշխարհի ամենահայտնի հայը չէ, որը, հավանաբար Քիմ Քարդաշյանն է, ապա գոնե իր երկիրը լավագույն ներկայացնողների շարքում է: Թերթը նշում է, որ չնայած Մխիթարյանը հասել է շատ մեծ բարձունքների, նա չի մոռացել իր մեկնարկային կետը, որտեղից սկսել է իր ուղին:

Facebook Forum

XS
SM
MD
LG