Մատչելի հղումներ

Թրամփն առաջարկում է մեծացնել ռազմական ծախսերը


Trump Budget
Trump Budget

Սպիտակ տունը հրապարակել է 2018 թվականի բյուջեի իր նախագիծը հարկատուներն առաջնային են կարգախոսի ներքո:

«Մենք նայել ենք այս նախագծին հարկատուի տեսանկյունից»,- ասել է Սպիտակ տան բյուջեի կառավարման վարչության ղեկավար Միք Մալվեյնը:

Առաջարկվող բյուջեի նախագիծը հաշվի է առել նախագահ Թրամփի «Ամերիկան առաջնային է» կարգախոսը: Ինչպես նախատեսվում էր, այն ավելացնում է ռազմական և սահմանների պաշտպանության հետ կապված ծախսերը՝ պետական կառույցների և անապահով խավերի համար նախատեսվող ծրագրերի հաշվին:

Վարչակազմն առաջ է քաշել 668 միլիարդանոց ռազմական բյուջե, որը 52 միլիարդով գերազանցում է Կոնգրեսի նախատեսած ռազմական ծախսերը: Նախատեսվում է մեծացնել բանակի անձնակազմը, հատկապես ռազմաօդային ուժերում, ձեռք բերել նոր տեխնիկա և սպառազինություն, ինչպես նաև շուրջ 65 միլիարդ դոլար տրամադրել Իրաքում, Աֆղանստանում և այլուր ռազմական գործողությունների համար նախատեսված հիմնադրամին:

Սպիտակ տան կարծիքով արագ զարգացող տնտեսության շնորհիվ հնարավոր կլինի 10 տարում կարգավորել բյուջեն: Սակայն այս մոտեցմանը դեմ են դեմոկրատները, ովքեր գտնում են, որ տնտեսության զարգացման ցուցանիշները կայուն չեն, իսկ այս նախագիծը հարվածում է նախևառաջ անապահով խավերին:

«Թրամփի բյուջեն զգալիորեն հարվածում է միջին խավին և ամերիկացի աշխատավորներին՝ հարկային արտոնություններ շնորհելով հարուստներին և ֆանտաստիկ թվերի միջոցով քողարկելով բյուջեի պակասորդը»,- հայտարարել է սենատոր Չարլզ Շումերը:

Չնայած բազմաթիվ հանրապետականներ ևս դժգոհ են նախագծից՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը պաշտպանում է այն:

«Մենք ունենք նախագահ, ով մեզ տրամադրել է հավասարակշռված բյուջետային ծրագիր: Սա տնտեսությունը զարգացնելու ծրագիր է»,- ասել է խոսնակ Ռայանը:

Այժմ նախագիծը կքննարկվի ԱՄՆ-ի Կոնգրեսում, ուր կարող է ենթարկվել զգալի փոփոխությունների:

Facebook Forum

XS
SM
MD
LG