Մատչելի հղումներ

Իրաքի բանակի բարձրաստիճան պաշտոնյաները վստահեցնում են, որ Մոսուլի մոտալուտ ազատագրումն անխուսափելի է՝ չնայած վերջին շաբաթների ընթացքում ԴԱԵՇ-ի զինյալների կատաղի դիմադրությանը:

Իրաքի դաշնային ոստիկանության դրոնները անցյալ շաբաթ թիրախավորել էին արևմտյան Մոսուլում գտնվող խոշորագույն զինանոցներից մեկը, որը վերահսկվում էր ԴԱԵՇ-ի կողմից: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են հարյուրավոր ընտանիքներ լքում Թամուզի շրջանը՝ փետրվարից ի վեր քաղաքը լքած հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների հետ վերամիավորվելու համար:

«Այսօր մեր նպատակն է անվտանգ միջանցք ստեղծել, որը կապահովի հարյուրավոր ընտանիքների ազատագրումը», հայտարարել է Իրաքի բանակի հակաահաբեկչության ծառայության բարձրաստիճան սպան:

«Մենք ոչ ջուր ունենք, ոչ՝սնունդ, բայց երջանիկ ենք», - ասում են քաղաքը լքած բնակիչները:

70-ամյա այս մարդը հրաժարվել էր լքել իր տունն ու հեռանալ քաղաքից իր ընտանիքի անդամների հետ:

«Ես հավատում եմ ճակատագրին: Երեկ անձրև էր տեղում: Զինվորականները ներս մտան ու ասացին ինձ, որ մարտերը թեժանալու են և, որ նրանք անհանգստանում են ինձ համար: Ես էլ ասացի, որ ամեն ինչ կարգին է, քանի որ ես հավատում եմ Աստծուն»:

Չնայած, որ ԴԱԵՇ-ը օգտագործում է մահապարտների որպես տակտիկական քայլ, Իրաքցի այս զինվորին հաջողվել էր կանխել մահապարտ ահաբեկչի հարձակումը բուլդոզերի օգնությամբ:

«Նա հայտնվեց ճանապարհի մի կողմից, բայց չգիտեր, որ ուղղությամբ գնար և մենք առերեսվեցինք: Երբ փորձեց փախուստի դիմել, փակեցի նրա ճանապարհն ու այդ պահին նա ինքն իրեն պայթեցրեց»:

Թեպետև արևմտյան Մոսուլի՝ այս պահին 8 քառակուսի կիլոմետր տարածքը դեռ գտնվում է ԴԱԵՇ-ի զինյալների վերահսկողության ներքո, ՄԱԿ-ում Իրաքի հատուկ ներկայացուցիչը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Մոսուլի ազատագրումն անխուսափելի է, քանի որ թե՛ Իրաքի բանակը, թե՛ ժողովուրդը մոբիլիզացված և մարտականորեն են տրամադրված:

Ակնկալվող ռազմական հաղթանակի գինը բավականին բարձր է: Reuters-ի տվյալներով՝ մարտերի սկսվելուց ի վեր, 660,000 մարդ է տեղահանվել Մոսուլից, որոնցից կես միլիոնը՝ արևմտյան Մոսուլից:

XS
SM
MD
LG