Ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը հետաքննող Կոնգրեսի հանձնաժողովի նիստը սկսվեց Մանչեստերի ահաբեկչության զոհերին նվիրված աղոթքից, որից հետո կոնգրեսականների առջեւ ցուցմունք տվեց Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին ղեկավար Ջոն Բրենանը: Նրա խոսքով, Մոսկվայի միջամտությունն ապացուցված փաստ է.
«Յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, որ Ռուսաստանն անամոթաբար միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրությունների գործընթացին»:
Բրենանի կարծիքով, Ռուսաստանի միջամտությունը չի սահմանափակվել միայն նախընտրական շրջանով: Նույնիսկ ընտրությունների ավարտից հետո Մոսկվան փորձում է ազդել իրավիճակի վրա.
«Ռուսները շատ ուշադիր հետեւում է Վաշինգտոնում տեղի ունեցող զարգացումներին եւ կփորձեն օգտագործել դրանք սեփական շահերի համար: Օրինակ՝ փորձելով թշնամություն սերմանել Վաշինգտոնում»:
Կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքով, միջամտությունը հրահանգվել է ամենաբարձր ատյաններից.
«Մեր ընտրություններին միջամտելու որոշումն եկել է Կրեմլի ամենաբարձր պաշտոնյաներից»:
Ռուսաստանի միջամտության մակարդակն այնքան մեծ էր, որ անակնկալ դարձավ ամերիկացիներից շատերի համար, համոզված է կոնգրեսական Շիֆը: Կոնգրեսական Թոմաս Ռունին համոզված է, որ այլ երկրների կողմից միջամտությունները անխուսափելի են դառնում.
«Մեր ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը, լինի դա քարոզչության, թե այլ միջոցներով, ցավոք սրտի դարձել է այսօր նոր իրականություն, որին մենք պետք է համակերպվենք»:
Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին ղեկավար Բրենանն իր կողմից ավելացրել է, որ Մոսկվայի միջամտությունն այլ երկրների ներքին գործերի մեջ կատարվում է ինչպես հատուկ ծառայությունների եւ պետական մարմինների, այդպես էլ՝ ռուսաստանցի օլիգարխների ձեռքերով.
«Պուտինի քաղաքական դիրքը Ռուսաստանում հենված է կարեւորագույն օլիգարխների վրա, ովքեր կառավարում են միլիարդավոր դոլարների արդյունաբերական ճյուղեր եւ Ռուսաստանի տնտեսության առանձին մասեր»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն շարունակում է հետաքննությունը, որի նպատակն է բացահայտել նախագահ Թրամփի վարչակազմի անդամների հնարավոր ապօրինի կապերը Ռուսաստանի հետ, մինչդեռ Կոնգրեսն անց է կացնում ավելի լայն քննություն ռուսական միջամտության վերաբերյալ։
Facebook Forum