Մատչելի հղումներ

Սաուդյան Արաբիա կատարած իր այցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ելույթով հանդես է եկել Ծոցի երկրների համագործակցության խորհրդում՝ կոչ անելով հաշտվել և միավորվել ընդդեմ ահաբեկչության:

«Ավելի լավ ապագա հնարավոր է միայն, եթե ձեր ժողովուրդները հեռացնեն համայնքներից և ձեր սրբավայրերից ահաբեկիչներին ու ծայրահեղականներին»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Ի տարբերություն նախկին նախագահ Օբամայի 2009 թվականի Կահիրեի հայտնի ելույթին, ուր վերջինս ընդգծել էր մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը, նախագահ Թրամփը խուսափեց արաբական աշխարհի հետ հարաբերություններում այս խնդրի առաջնահերթ դասակարգումից:

«Մենք այստեղ ենք ոչ թե դասախոսելու և այլ ժողովուրդների սովորեցնելու, թե ինչպես է հարկավոր ապրել, ինչ անել կամ ինչպես պաշտել, այլ այստեղ ենք առաջարկելու գործընկերություն՝ հիմնված երկկողմանի շահերի և արժեքների վրա», - հայտարարել է նախագահ Թրամփը:

Ընդհանուր առմամբ նախագահ Թրամփի ելույթը որոշակիորեն տարբերվում էր իր նախընտրական ելույթներից, որտեղ առկա էին հակաիսլամական տարրեր: Իսկ այս ելույթում նա կոչ արեց ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում:

Փորձագետների կարծիքով, սակայն, չնայած այս ելությն ուղերձ է արաբական աշխարհին, պարզ չէ դեռևս , թե ինչպես է այն պայքարելու ծայրահեղականության դեմ:

«Խնդիրն այն է, որ այդ առաջնորդներն իրենք ևս վարկաբեկված են տեղի բնակչության աչքերում, քանի որ այդ բռնապետությունները օգտագործում են նույնչափ քաղաքական բռնություններ, որքան ծայրահեղականները»,- ասում է Ջոսելին Սեզահրին՝ Ջորջթաունի համալսարանից:

Նախագահ Թրամփի հաջորդ կանգառն Իսրայելն էր, ուր նա հանդիպեց վարչապետ Բենյամին Նեթանյահուի ու նախագահ Ռըուվեն Ռիվլինի հետ:

Իր ելույթում նախագահ Թրամփն անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին:

«Միասնաբար մենք կարող ենք վերջ դնել այն բռնությանը, որն այսքան շատ կյանքեր է խլում Իսրայելում և ամբողջ աշխարհում: Ամենակարևորն այն է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են միաձայն հայտարարել, որ երբեք չպետք է թույլ տան, որ Իրանն ունենա միջուկային զենք և որ այն պետք է անմիջապես դադարեցնի ահաբեկիչների և զինյալների պատրաստումը, զինումն ու ֆինանսավորումը»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Նա նաև տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիայի Սալման թագավորն իրեն հավաստիացրել է, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է խաղաղություն հրեաների և պաղեստինցիների միջև, ինչպես նաև դեմ է իրանական սպառնալիքին: Այցի շրջանակում նախագահ Թրամփը նաև այցելել է հրեաների և քրիստոնյաների համար կարևոր հոգևոր կենտրոններ:

Facebook Forum

XS
SM
MD
LG