Մատչելի հղումներ

Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքին անձամբ հետեւել է Էրդողանը. մանրամասներ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անձամբ է հետեւել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին: Այս մասին է վկայում «Ամերիկայի Ձայն»-ի Թուրքական ծառայության տեսագրությունը:

«Ամերիկայի Ձայն»-ի մեր գործընկերների բացառիկ նկարահանումները թույլ են տալիս քայլ առ քայլ վերականգնել միջադեպի մանրամասները: Քուրդ եւ թուրք ցուցարարների միջեւ վեճը սկսվեց դեսպանի նստավայրի առջեւի պուրակում, մինչեւ Էրդողանի ժամանումը: Միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցնելուց հետո, քուրդ եւ թուրք ցուցարարները հրմշտոցի բռնվեցին, որի ընթացքում թուրք ցուցարարները հարվածներ հասցրեցին քուրդ ցուցարարներին եւ գետնին նետեցին մի կնոջ, իսկ քուրդ ցուցարարներից մեկն իր ձեռքի բարձրախոսը նետեց դեղին վերնաշապիկով թուրք ցուցարարի դեմքին՝ վնասելով նրա քունքը:

Առաջին միջադեպից հետո Վաշինգտոնի ոստիկանությանը հաջողվեց համեմատական անդորր վերականգնել՝ կողմերի միջեւ որպես բաժանարար գիծ օգտագործելով երթեւեկելի ճանապարհը: Այդ ընթացքում հավաքված քուրդ ցուցարարները թուրքական կողմի ուղղությամբ ջրի շշեր էին նետում: Թուրքական կողմը ոստիկաններից պահանջում էր ձերբակալել բարձրախոսը նետած ցուցարարին: Այս բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մինչեւ Ռեջեփ Էրդողանի ժամանումը: Այդ ընթացքում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը մոտենում է ոստիկաններին եւ, հիշեցնելով դիվանագիտական անձեռնմխելիության մասին, հայտնում՝ «դուք մեզ չեք կարող դիպչել»: Այդ ընթացքում շուրջ երկու տասնյակ քուրդ ցուցարարներ շարունակում են բողոքը դիվանագետի նստավայրի առջեւ գտնվող պուրակում, իսկ թուրք ցուցարարների կողքին են հայտնվում թուրքական կողմի անվտանգության աշխատակիցները, սակայն ոստիկանները կողմերի միջեւ անվտանգության տարածություն են փորձում պահպանել:

Իրավիճակը փոխվում է Ռեջեփ Էրդողանի ժամանելուց հետո: «Ամերիկայի Ձայն»-ի մեր գործընկերների շնորհիվ մենք կարող են հետեւել իրադարձությունների զարգացումների յուրաքանչյուր պահ: Ժամանելուց հետո Թուրքիայի նախագահը որոշ ժամանակ մնում է ավտոմեքենայում, զրուցելով ավտոմեքենայի մոտ կանգնած իր աշխատակցի հետ, որից հետո թուրքական կողմից մի խումբ, ճեղքելով ոստիկանական գիծը, մոտենում են քուրդ ցուցարարներին ու ծեծկռտուք սկսում: Ոստիկանության ուժերով ամեն ինչ ավարտվում է 30 վայրկյանում:

Նշենք, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունն իր կողմից հայտարարություն էր տարածել, որում ցուցարարներին անվանել էր «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ կապված խմբեր եւ մեղադրել Էրդողանի կողմնակիցների նկատմամբ «ագրեսիվ սադրանքների» մեջ: «Թուրք ամերիկացիները պատասխանել էին ինքնապաշտպանության շրջանակներում եւ նրանցից մեկը լուրջ վնասվածքներ էր ստացել», - նշված է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության կողմից տարածված հայտարարության մեջ:

Մեկնաբանելով տեղի ունեցածը' ԱՄՆ-ի ազդեցիկ հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջոն ՄաքՔեյն ասել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի տեղի ունեցածի համար.

«Կարծում եմ, Թուրքիայի դեսպանը պետք է հեռանա ԱՄՆ-ից: Միանշանակ, նա էր պատասխանատու ավազակների խմբի համար, որոնք խախտեցին Ամերիկայի օրենքը եւ մարդկանց ծեծի ենթարկեցին»:

Սենատորի խոսքով, Ամերիկայում նման բաներ տեղի չպիտի ունենան.

«Եթե նրանք ցանկանում են այդպես գործել Թուրքիայում, դա շատ վատ է եւ ես ցավում եմ, բայց ոչ մի դեպքում նրանք նման կերպ չպետք է իրենց պահեն ամերիկյան հողի վրա»:

Ազդեցիկ դեմոկրատ սենատոր Բեն Քարդինն ընդգծել է, որ նման պահվածքն անընդունելի է.

«Ցուցարարները պետք է պաշտպանված լինեն՝ նրանց նկատմամբ բռնությունն անթույլատրելի է ամենուր, հատկապես՝ Միացյալ Նահանգներում: Մենք բողոքում ենք դրա դեմ եւ Թուրքիայի դեսպանությունը պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Իր հայտարարության մեջ Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ բռնությունը երբեք ազատ խոսքի համարժեք պատասխանը չէ եւ աջակցություն է հայտնել մարդկանց ազատ խոսքի իրավունքի դրսեւորմանն ամենուրեք:

Facebook Forum

XS
SM
MD
LG