Մատչելի հղումներ

Սենատը հետաքննում է աշխատանքից ազատված գեներալ Ֆլինի կապերը Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ


Գեներալ Մայքլ Ֆլինը, ում ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեռացրել էր իր անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, կարող է լուրջ խնդիրներ ունենալ ոչ միայն Ռուսաստանի հետ ապօրինի համագործակցության կասկածների, այլեւ՝ Թուրքիայի օգտին ապօրինի աշխատելու մեղադրանքների պատճառով:

Ֆլինին Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել էր դեռեւս փետրվարին, այն բանից հետո, երբ պարզվել էր, որ գեներալը թաքցրել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփից եւ փոխնախագահ Փենսից Ռուսաստանի դեսպանի հետ զրույցի ընթացքում Մոսկվայի դեմ ընդունված պատժամիջոցները վերացնելու հնարավորությունը: Սակայն ԱՄՆ-ի իրավապահները պարզել էին նաեւ, որ 2016 թվականի օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում վերջինիս Flynn Intel ընկերությունը՝ Թուրքիայի շահերն ԱՄՆ-ում առաջ տանելու համար կես միլիոն դոլար է ստանում: Միացյալ Նահանգներում նման գործունեությունն արգելված չէ, եթե այդ մասին տեղեկությունները հրապարակային են, իսկ գումարը ստացող ընկերությունն ու անձը գրանցված են որպես օտար երկրի գործակալ: New York Times-ի հաղորդմամբ սակայն, Մայքլ Ֆլինը սկսել է գումարներ ստանալ ռուսական եւ թուրքական կողմերից նախքան օտար երկրի գործակալի կարգավիճակում գրանցվելը:

Փորձելով բացահայտել ճշմարտությունը, Սենատի հետախուզության հանձնաժողովը հետաքննություն է նախաձեռնել եւ օրերս պահանջել Մայքլ Ֆլինից հանձնաժողովին ներկայացնել Flynn Intel ընկերության բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ռուսաստանի եւ Թուրքիայի աղբյուրներից ստացված գումարներին: Հինգշաբթի Ֆլինի փաստաբանը հայտարարել է, որ վերջինս հրաժարվում է փաստաթղթեր տրամադրել: Օրենսդիրները սակայն նախատեսում են շարունակել հետաքննությունը, նշում է Սենատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Բարը.

«Գեներալ Ֆլինի փաստաբանը հայտարարել է, որ նա չի կատարելու մեր պահանջը, մեզ դա չի զարմացնում: Մենք կորոշենք, թե գեներալ Ֆլինի նկատմամբ մեր հաջորդ քայլը որն է լինելու: Իսկ մենք շարունակում ենք լսել բազմաթիվ վկաների եւ նրանց վկայությունները նոր փաստաթղթեր եւ մասնակիցներ են բացահայտում»:

Սակայն, գեներալ Ֆլինը կարող է շուտով էլ ավելի լուրջ խնդրի առաջ կանգնել: Հինգշաբթի ԱՄՆ-ի տպագիր մամուլի երկրորդ խոշորագույն սեփականատեր ՄքՔլատչի ընկերությունը, որի կազմում է ԱՄՆ-ի 14 նահանգներում տպագրվող ավելի քան 30 օրաթերթ, հաղորդել է, որ Թուրքիայի շահերն առաջ տանող Ֆլինը, լինելով Դոնալդ Թրամփի խորհրդականի պաշտոնում, խնդրել է կանգնեցնել Դաեշի ահաբեկիչների մայրաքաղաք Ռաքայի գրավման ծրագիրը, քանի որ Ռաքան նախատեսվում էր գրավել քրդական ուժերով, որին դեմ էր Թուրքիան: Ծրագիրն ի կատար է ածվեց միայն այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ արեց Մայքլ Ֆլինին։

Facebook Forum

XS
SM
MD
LG