Մատչելի հղումներ

Սենատոր ՄաքՔեյնը կոչ է անում «ԱՄՆ-ից դուրս նետել Թուրքիայի դեսպանին»


ԱՄՆ-ի ազդեցիկ հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն ՄաքՔեյնը կոչ է արել Միացյալ Նահանգներին վտարել Թուրքիայի դեսպանին:

«Ես մինչեւ հիմա զայրացած եմ այդ թուրքական ծեծով: Մենք պետք է նրանց դեսպանին Ամերիկայի Միացյալ Նահանգներից դուրս նետենք: Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, սա Թուրքիան չէ, սա երրորդ աշխարհի պետություն չէ: Այսպիսի գործողությունները չեն կարող անպատասխան մնալ: Միգուցե արժե դատական գործեր հարուցել նրանց դեմ, ում ինքնությունը մենք կկարողանանք պարզել», - հայտարարել է սենատոր ՄաքՔեյնը:

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունն իր կողմից հայտարարություն էր տարածել, որում ցուցարարներին անվանել էր «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ կապված խմբեր եւ մեղադրել Էրդողանի կողմնակիցների նկատմամբ «ագրեսիվ սադրանքների» մեջ: «Թուրք ամերիկացիները պատասխանել էին ինքնապաշտպանության շրջանակներում եւ նրանցից մեկը լուրջ վնասվածքներ էր ստացել», - նշված է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության կողմից տարածված հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի սենատոր ՄաքՔեյնի խոսքերով, «Ծեծին մասնակցած անձինք հասարակ քաղաքացիներ չեն եղել: ''Դրանք Էրդողանի անվտանգության աշխատակիցներն էին: Ինչ-որ մեկն նրանց ասել է գնալ եւ ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին, եւ իմ կարծիքով դա պետք է հետեւանքներ ունենա, այդ թվում' այդ մարդկանց ինքնությունը պարզելով ու նրանց մեղադրանք ներկայացնելով: Ի վերջո, նրանք խախտել են ամերիկյան օրենքները ԱՄՆ-ի ներսում, այնպես որ դուք ուղղակի չեք կարող դա թույլատրել ԱՄՆ-ում: Մեր երկրում մարդիկ իրավունք ունեն խաղաղ բողոք հայտնել, ցուցարարները խաղաղ էին», հայտարարել է սենատոր Ջոն ՄաքՔեյնը:

Facebook Forum

XS
SM
MD
LG