Մատչելի հղումներ

Նախընտրական շրջանում նախագահ Թրամփի թիմն առնվազն 18 անգամ հաղորդակցվել է ռուս պաշտոնական շրջանակների հետ


US Russia
US Russia

Նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինն ու նախագահի թիմի այլ ներկայացուցիչներ նախընտրական շրջանի վերջին 7 ամիսների ընթացքում առնվազն 18 անգամ կապ են հաստատել ռուսական պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակների հետ, Reuters գործակալությանն են փոխանցել անանուն աղբյուրները:

Թրամփի թիմի և ռուսական շրջանակների միջև հաղորդակցման ժամանակահատվածը ընդգրկում է 2016 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսները: Վերոհիշյալ 18 հաղորդակցման դեպքերից 6-ը ներառում են նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հեռախոսազրույցներն ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Մնացած 12-ը հեռախոսային հաղորդագրություններ են և էլեկտրոնային նամակներ Թրամփի խորհրդականների և նախագահ Պուտինի մտերիմների միջև: Նախկինում Թրամփի թիմը հերքել էր ռուսական կողմի հետ հաղորդակցման մասին տեղեկությունը՝ հետագայում ընդունելով, սակայն, դեսպան Կիսլյակի հետ նախագահ Թրամփի 4 հանդիպումների փաստը:

Վերոհիշյալ հաղորդակցման ընթացքում հիշատակվում է նաև ուկրաինացի օլիգարխ Վիկտոր Մեդվեչուկի անունը, ում դուստեր կնքահայրն է նախագահ Վլադիմիր Պուտինը: Դեռևս պարզ չէ, թե ում հետ է կապ հաստատել Մեդվեչուկը, սակայն օլիգարխը հերքել է Թրամփի թիմի հետ որևէ հաղոդկացումը:

Աղբյուրների պնդմամբ ռուսական կողմի հետ քննարկվել են ռուս-ամերիկյան տնտեսական կապերն ու ամերիկյան պատժամիջոցները Մոսկվայի դեմ, Դաեշ-ի դեմ պայքարն ու Չինաստանի հետ հարաբերությունները: Ամերիկյան հատուկ ծառայությունները սակայն գտնում են, որ վերոհիշյալ ժամանակահատվածում է գրանցվել ռուսական հաքերների ակտիվացումը՝ ամերիկյան ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:

Սպիտակ Տունն ու նախկին խորհրդական Ֆլինի փաստաբանը հրաժարվել են որևէ մեկնաբանություն տրամադրել: Մեկնաբանությունից հրաժարվել է նաև ռուսական կողմն ի դեմս Ռուսաստանի արտգործնախարարությանը և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությանը:

Ամերիկյան իրավապահ մարմիններն ու ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովները շարունակում են հետաքննել նախագահ Թրամփի նախընտրական թիմի և Ռուսաստանի պաշտոնական շրջանակների միջև հաղորդակցման դեպքերը: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերը կղեկավարի ընտրություններին Ռուսաստանի ներգրավման և նախագահ Թրամփի թիմի հետ հաղորդակցման մասին հետաքննությունը: Նախագահ Թրամփն ու իր թիմը շարունակում են հերքել ռուսական կողմի հետ հաղորդակցման մեղադրանքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG