Մատչելի հղումներ

Թուրքիայի անվտանգության աշխատակիցները մասնակցել են Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքին


Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տեղի ունեցած բռնությունն անընդունելի է, հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշամը.

«Դա մի բան է, որը մենք չենք հանդուրժելու այստեղ, Վաշինգտոնում: Մեր քաղաքում մարդիկ պետք է ազատ լինեն խաղաղ բողոքելու»:

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունն իր մտահոգությունն է հայտնել միջադեպի կապակցությամբ նշելով, որ բռնության մասնակիցներն էին նաեւ Ռեջեփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները:

«Մենք փոխանցում ենք մեր մտահոգությունը թուրքական կողմին հնարավոր ամենախիստ ձեւով», - նշված է Պետքարտուղարության հայտարարության մեջ: Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուսերն իր հայտարարության մեջ տեղի ունեցածը որակել է որպես «խաղաղ ցուցարարների վրա բռնի հարձակում» եւ խոստացել միջադեպի հետաքննությունն ավարտի հասցնել: Նույն խոստումն է տվել նաեւ Վաշինգտոնի ոստիկանապետը.

«Հնարավոր է դիվանագիտական անձեռնմխելիության խնդիրներ լինեն, սակայն, դա մեզ չի խանգարելու կատարել մեր աշխատանքը»:

Միջադեպի ականատես Վաշինգտոնում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով նաեւ հեռարձակել է տեղի ունեցածը Ֆեյսբուք սոցցանցի միջոցով, պատմում է, որ իր տպավորությամբ ցուցարարների վրա հարձակվողները թուրքական անվտանգության աշխատակիցներ էին.

«Ես տեսա, թե ինչպես թուրքական կողմի անվտանգության ուժերը հատեցին ոստիկանության գիծն ու հարձակվեցին շրջանում գտնվող ցուցարարների վրա, որոնց թիվը 20-30 հոգի էր»:

Համբարյանի խոսքով, հարձակվողներից մի քանիսը զինված էին, ինչը երեւում է նաեւ տեսագրության վրա: Ոստիկանությունն ավելի ուշ կհայտնի, որ ոստիկանների նախնական զգույշ արձագանքը պայմանավորված էր հենց զենքի առկայությամբ, քանի որ ոստիկանները փորձում էին բացառել հնարավոր հրաձգությունը: Ինչ վերաբերում է ցուցարարներին, ապա նրանց մեծ մասը քրդեր էին, նշում է Արամ Համբարյանը.

«Ցուցարարների մեծամասնությունը քուրդ էին, ոմանք սատարում էին Ժողովրդական դեմոկրատական կուսակցությանը, մյուսները՝ պահանջում ազատ արձակել Դեմիրտաշին, կային նաեւ մի քանի հայ եւ քուրդ իրավապաշտպաններ»:

Թուրքական դեսպանությունն այդպես էլ չարձագանքեց «Ամերիկայի Ձայն»-ի հարցմանը: Վաշինգտոնի թուրքական համայնքն իր կողմից ներկայացնում է իրադարձությունների իր տարբերակը: Վաշինգտոնում Թուրք-ամերիկյան ազգային կոմիտեի ղեկավար Գունայ Էվինչի խոսքով, ցուցարարները հատել էին Թուրքիայի դեսպանի նստավայրի թույլատրված սահմանը եւ քանի որ այդ պահին նստավայրում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, թուրքական կողմը ստիպված էր միջամտել:

Միջադեպն արդեն քաղաքական լուրջ արձագանք է ստացել: Սենատի միջազգային կոմիտեի ղեկավար հանրապետական Ջոն Մքքեյնը խիստ քննադատելով տեղի ունեցածը նշել է. «Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Այստեղ մենք նման բաներ չենք անում: Նման ավազակային պահվածքը ներում չունի»: Դեմոկրատների առաջնորդներից սենատոր Փեթրիք Լիհին նշել է, որ Ամերիկայում նման կերպ գործել չի կարելի: Իր հայտարարության մեջ Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ բռնությունը երբեք ազատ խոսքի համարժեք պատասխանը չէ եւ աջակցությունն է հայտնել մարդկանց ազատ խոսքի իրավունքի դրսեւորմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG