Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրապարակել է արբանյակից արված նկարներ, ուր պատկերված է սիրիական մի բանտ, որտեղ, ըստ ԱՄՆ-ի իշխանությունների, սիրիական վարչակարգը հաշվեհարդար է տեսնում իր ընդդիմախոսների հետ՝ այրելով սպանված ընդդիմախոսների մարմինները դիակիզարանում:
Պետքարտուղարությունն հայտնել է, որ ամեն օր Սայդնայա բանտում կախաղան է բարձրացվում շուրջ 50 մարդ՝ ընդգծելով, որ դիակիզարանը օգտագործվել է հետքերը թաքցնելու նպատակով:
«ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ սիրիական վարչակարգի իրականացրած բռնություններն ու մասսայական սպանությունները սարսափեցնող են: Այդ սպանությունները հավանաբար իրականացվել են Իրանի ու Ռուսաստանի աջակցությամբ»,- հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ստյուարտ Ջոնսը:
Ջոնսն ասել է, որ պետքարտուղարությունը Ռուսաստանին դեռևս չի ներկայացրել մասսայական սպանությունների մասին փաստեր, սակայն նշել է, որ ռուսական կողմի հետ երկխոսությունն ընթացքի մեջ է: Խնդիրն, ըստ դիվանագետի, կայանում է նրանում, որ ռուսական կողմը հրաժարվում է դատապարտել սիրիական վարչակարգի սպանություններն ու հանդուրժողական մոտեցում է ցուցաբերում դրանց:
Այս պահի դրությամբ Սիրիայում 6 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի զոհերի թիվը հասել է 400 հազարի:
Facebook Forum