Սպիտակ Տունը մի շարք պատճառներ է նշել, թե ինչու է պաշտոնանկ արվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին:
«Որովհետև նա լավ չէր կատարում իր աշխատանքը»,- ասել է նախագահ Թրամփը:
«Հետաքննությունների դաշնային բյուրոն կորցրել էր վստահությունն իր տնօրենի նկատմամբ»,- ասել է Սպիտակ Տան մամլո խոսնակի տեղակալ Սառա Սանդերսը:
Սակայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնակատարն այլ կարծիքի է:
«Տնօրեն Քոմին մեծ աջակցություն է վայելել և վայելում բյուրոյում առայսօր»,- ասել է Էնդրյու Մաքքաբեն:
Նախագահ Թրամփը NBC-ին տված իր բացառիկ հարցազրույցում օրերս հաղորդել է, որ Քոմին իրեն տեղեկացրել էր, որ նրա անձը Ռուսաստանի հետ կապված հետաքննության շրջանակում թիրախավորված չէ որպես կասկածյալ: Դա մի շարք հարցերի ալիք է բարձրացրել դեմոկրատների շրջանում:
«Արդյո՞ք Հետաքննությունների դաշնային բյուրոն սովորաբար տեղեկացնում է որևէ մեկին, որ նա չի հանդիսանում հետաքննության թիրախ»,- հարցնում է սենատոր Քոլինսը.
«Չեմ կարծում, որ դա սովորական պրակտիկա է»,- պատասխանեց Մաքքաբեն:
Դեմոկրատներն ու որոշ հանրապետականներ շարունակում են քննադատել նախագահին Քոմիի պաշտոնանկման կապակցությամբ՝ մատնանշելով հատկապես վերջինիս պաշտոնանկ անելու համար ընտրված ժամանակահատվածը: Հանրապետականները ընդգծում են, որ նախագահը գործել է իր լիազորությունների շրջանակում:
Չնայած Քոմիի պաշտոնանկությանը՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնակատարը ընդգծում է, որ Ռուսաստանի հետ կապված գործի հետաքննությունը շարունակվելու է: Քոմին պետք է մասնակցեր Սենատի հատուկ ծառայությունների հանձնաժողովի լսումներին հինգշաքբթի օրը: Հաջորդ շաբաթ նրան հրավիրել են մասնակցելու լսումներին և վկայություն տալու որպես մասնավոր անձ:
Facebook Forum