Հետաքնությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավարի Ջեյմս Քոմիին ուղղված իր նամակում Թրամփը հայտնել էր, որ նա, Քլինտոնի էլեկտրոնային նամակների գործի հետաքննության առնչությամբ, գործում է արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների առաջարկությունների վրա հիմնվելով:
Սակայն Քոմիի պաշտոնազրկումը ցնցել է Վաշինգտոնի քաղաքական դաշտը: Սենատում այժմ դեմոկրատները պահանջում են, որ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնը նշանակվի հատուկ հետաքննող՝ ընտրությունների օրերին Ռուսաստանի և նախագահ Թրամփի թիմի միջև կապերի մասին գործի հետաքննությունը գլխավորելու համար:
Իր հերթին Սպիտակ Տունը հերքել է, որ Քոմիի պաշտոնանկությունը կապված է Ռուսաստանին և Թրամփի թիմին առնչվող գործի հետ:
«Չկան ապացույցներ, որ Թրամփի թիմի և Ռուսաստանի միջև եղել են շփումներ: Մենք ցանկանում ենք դադարեցնել այս թեմայի առնչությամբ քննարկումները և շարժվել առաջ»։
Որոշ հանրապետականներ ևս մտահոգություն են հայտնել Քոմիի պաշտոնանկության առիթով՝ ընդգծելով, որ այն կարող է կապված լինել վերոհիշյալ հետաքննության հետ:
Սակայն Սենատում հանրապետականների առաջնորդ, սենատոր Միտչ Մաքքոնելը հակադարձել է.
«Մեր դեմոկրատ գործընկերներն այժմ բողոքում են Քոմիի պաշտոնանկության հետ կապված, սակայն նախկինում հենց իրենք էին սուր քննադատության ենթարկում նրան»:
Չնայած այն հանգամանքին, որ նախագահ Թրամփը երկար ժամանակ հերքում է Ռուսաստանի հետ իր առնչությունը՝ Քոմիի պաշտոնանկության ժամանակահատվածը բազմաթիվ հարցեր է առաջացնում, կարծում են փորձագետները:
«Պարզ չէ՝ նրանք այժմ փորձում են կարգուկանոն վերականգնել Հետաքնությունների դաշնային բյուրոյի, թե փորձում են հեռացնել բյուրոյից այն անձին, ով գլխավորում է հետաքննությունն ընդդեմ վարչակազմի կամ Թրամփի թիմի անդամների, ովքեր մասնակցել են քարոզարշավին»,- նշել է փորձագետ Ֆրենք Սեզնոն։
Քոմիի պաշտոնանկումն էլ ավելի սրեց քաղաքական պայքարը երկու կուսակցությունների միջեւ, իսկ Ռուսաստանի հետ Թրամփի թիմի կապերի մասին հետաքննությունը շարունակում է մնալ արդիական:
Facebook Forum