Հարավային Կորեայի նախագահը պաշտոնավարման երկրորդ օրը հեռախոսով զրուցել է Չինաստանի իր պաշտոնակցի հետ։
Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Ձեինը նախատեսում է պատվիրակություն ուղարկել Պեկին՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։ Կողմերը քննարկելու են նաեւ Հարավային Կորեայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի շուրջ Չինաստանի մտահոգությունները։
Մունի եւ Չինասատանի նրա պաշտոնակից Սի Ձինպինի միջեւ նախորդ օրն անցկացված հեռախոսազրույցի ժամանակ նախագահներն ընդունել են, որ Կորեական թերակղզու միջուկազերծումը իրենց ընդհանուր նպատակն է։
Չինաստանի արտգործնախարարության խոսնակի խոսքերով, ՝՝Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում բարձր են գնահատել Չինաստան-Հարավային Կորեա հարաբերությունները։ Համաձայնության են եկել երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ այդ հարաբերությունները առողջ մթնոլորտ տեղափոխելու հարցերում՛՛։
Նա ասել է նաեւ, թե այդ նպատակին հասնելու համար չինական կողմը ցանկանում է ավելի սերտորեն համագործակցել Հարավային Կորեայի նոր կառավարության հետ։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի ու Միացյալ Նահանգների միջեւ ձեռքբերված համաձայնության արդյունքում ԱՄՆ-ը հակահրթիռային համակարգ է տեղակայել Հարավային Կորեայում՝ Հյուսիսի հրթիռային հնարավոր հարձակումներից այս երկիրը պաշտպանելու նպատակով։
Չինաստանն այս համակարգը համարում է սպառնալիք եւ ապակայունացնող հանգամանք տարածաշրջանում, որպես պատասխան քայլ՝ կրճատելով զբոսաշրջությունն ու Հարավային Կորեայից ներկրումների ծավալները։