Մատչելի հղումներ

Ֆրանսիան Նապոլեոնից հետո շուտով կունենա իր ամենաերիտասարդ ղեկավարը


Ֆրանսիան Նապոլեոնից հետո շուտով կունենա իր ամենաերիտասարդ ղեկավարը
please wait

No media source currently available

0:00 0:02:23 0:00

Ֆրանսիան հաջորդ երկուշաբթի օրվանից կունենա նոր նախագահ։ Անցած կիրակի օրը նախագահական ընտրություններում ձայների 65 տոկոսը ստացած Էմանյուել Մակրոնը կդառնա ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ առաջնորդը։

Կիրակի օրն անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Էմանյուել Մակրոնը 39 տարեկանում ստանձնում է Ֆրանսիայի ղեկավարի դերը՝ դառնալով այս երկրի ամենաերիտասարդ նախագահը։ Նախկին դրամատեր, երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Մակրոնը պայքարում էր որպես անկախ թեկնածու՝ նախկին ղեկավարներից հոգնած Ֆրանսիայի ժողովրդին խոստանալով նոր ուղղություն։

՝՝Ես ուզում եմ դառնալ հույսի ու վերածնված վստահության էջ՛՛, հայտարարում էր Մակրոնը։

Նրա առջեւ հիմա կանգնած է առաջին ամենամեծ խնդիրը՝ մինչեւ հունիսի 11-ի խորհրդարանական ընտրությունները, նոր կառավարություն կազմելու պատասխանատվությունը։ Նրա Հառաջ, Հանրապետություն կուսակցությունը փորձելու է դառնալ ամենամեծ կուսակցությունը խորհրդարանում, այն դեպքում, երբ ներկայումս չունի եւ ոչ մի աթոռ այնտեղ։

Ֆրանսիացիներից շատերն էին մտահոգ ընտրություններում Մակրոնի մրցակից Մարին Լե Պենի հաղթանակի հնարավորությամբ։

՝՝Մեզ շատ էր անհանգստացնում երկրում մասնատում առաջ բերելու Լե Պենի ընտրած ուղին՛՛, ասում են ընտրողներից շատերը։

Այո, գործազրկության բարձր մակարդակը, երկրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները եւ մահմեդական ազգաբնակչության աճը լուրջ հնարավորություններ էին տալիս ազգայնական Լե Պենին։ Բայց Ֆրանսիան որոշեց ընտրել Մակրոնի ավելի զուսպ կեցվածքը, աջակցել Եվրոպական Միության կազմում Ֆրանսիան պահելու նրա կոչերը։ Սակայն այն փաստը, որ ընտրություններում 4 միլիոնավոր մարդ քվեաթերթիկներում չի քվեարկել եւ ոչ մեկ թեկնածուի օգտին, խոսում է այն մասին, որ այստեղ հիասթափությունը բարձր մակարդակների է հասել, եւ որ եթե չեն քվեարկել Լե Պենի օգտին, չի նշանակում, որ աջակցում են Մակրոնին։ Այնպես որ, վերջինիս առջեւ կանգնած խնդիրները մեծ են ու ամենամեծը ապացուցելն է, որ ինքը կատարում է տրված խոստումները։

Մակրոնի հաղթանակը պատմական է այն առումով, որ Ֆրանսիայի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամն է, որ երկրի ղեկավար չի ընտրվում ավանդական կուսակցություններից։

Ընտրությունների արդյունքին անհամբերությամբ էր սպասում ԱՄՆ-ի վարչակազմը, որը հույս ուներ, որ հաղթանակ կտաներ Լե Պենը։ Սակայն ընտրություններից հետո Սպիտակ տունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված է, թե Ամերիկան սպասում է նոր նախագահի ու նրա կառավարության հետ համագործակցությանը։

Այսպիսով, Եվրոպայի ամենակարեւոր պաշտոններից մեկը վերցնում է Նապոլեոն Բոնապարտից հետո Ֆրանսիայի ամենաերիտասարդ առաջնորդը։ Սակայն եթե Նապոլեոնի հաղթանակները նշում էին Հաղթանակի կամարի տակով անցնելով, Մակրոնը պիտի ամեն ինչ անի, որ իր հաղթանակները լինեն անարյուն։

XS
SM
MD
LG