Մատչելի հղումներ

Ո՞վ է Ֆրանսիայի հաջորդ նախագահը, ազգայնական Լե Պե՞նը, թե՞ ձախ-կենտրոնամետ Մակրոնը


Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամը լինելով’ եկող կիրակի օրը երկրի քաղաքացիները պիտի նախագահական ընտրություններում ընտրություն ընտրություն կատարեն ոչ ավանդական կուսակցություններից:


Կիրակի օրը Ֆրանսիան կորոշի, թե ում է ուզում տեսնել որպես իր նախագահ, ձախ կենտրոնամետ Էմանուել Մակրոնին, թե ազգայնական Մարին Լե Պենին: Եթե առաջինը գլոբալիզացիան շարունակելու կողմնակից է, ապա երկրորդը ցանկանում է Մեծ Բրիտանիայի օրինակով Ֆրանսիան դուրս բերել Եվրոպական Միության կազմից, դադարեցնել ներգաղթը հատկապես մահմեդական երկրներից:

Մարին Լե Պենը համոզված է, որ ամենալավը ինքը կխոսի Ռուսաստանի նախագահ Պուտինի, ԱՄՆ-ի նախագահ Թրամփի ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Մեյի հետ:

Ազգայնական Մարին Լե Պենը նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում երկրորդ տեղն էր գրավել, սակայն ունի հույսեր, որ Ֆրանսիայում աշխատատեղերը հետ բերելու ու սոցիալական ծրագրերին զարկ տալու մասին խոստումները իրեն կտան վերջնական փուլում հաղթելու հնարավորություն:

Չի բացառվում այն հնարավորությունը, որ քարոզարշավի ընթացքում լուռ դիրքեր ընդունած քաղաքացիները վերջին պահին որոշեն քվեարկել հօգուտ ազգայնականի:

Մակրոնի խոսքերով, ‘’Սեղանին են դրված Ֆրանսիայի ոչ միայն մտավորական, քաղաքական ու բարոյական ժառանգությունը, այլ նաեւ միասնական Եվրոպայի ապագան, աշխարհի այն ապագան, որին մենք մեր նվիրվածութունն ենք հայտնել՛՛:

Սակայն այս երկրում, որտեղ գործազրկության մակարդակն ամենաբարձրերից մեկն է Եվրոպայում եւ որտեղ վերջին տարիներին տեղի ունեցան ահաբեկչական մի շարք հարձակումներ, հարցականի տակ է դրվում գլոբալիզացիան եւ ինչպես շատերն են ասում’ նաեւ այդ ուղղությամբ ձախողված քաղաքականությունը:

Լե Պենն ուզում է, որ Ֆրանսիան հրաժարվի եվրոյից: Երկրի ձախերն ու աջերը նրան համարում են վտանգավոր: Վերջին բանավեճի ընթացքում Մակրոնը նույնիսկ ասել է, թե Լե Պենը կարող է հրահրել քաղաքացիական պատերազմ Ֆրանսիայում:

Մակրոնի առջեւ կանգնած հիմնական դժվարությունը համոզելն է ընտրողներին, որ որպես կառավարող կուսակցության նախկին անդամ, ինքը չի շարունակելու այն գիծը, որից Ֆրանսիան ուզում է հրաժարվել:

Ինչպես պատմաբան Փաթրիք Ուելն է ասում, ‘’Մակրոնին հաջողվել է իրեն ներկայացնել որպես նախորդ կառավարություններից հեռու գտնվող քաղաքական գործիչ: Սակայն թե ինչ կլինի կիրակի օրը, դեռեւս ասել չենք կարող՛՛:

Այո, Ֆրանսիան այսօր բաժանված է ավելի խորը, քան Երկրորդ աշխարհամարտից հետո ընկած որեւէ ժամանակահատվածում: Եվ որ թեկնածուն էլ ընտրվի երկրի նախագահ, կհամարվի փոփոխություն: Սակայն հարցն այն է, թե արդյոք շատ են աջակցում թեկնածուներին ընտրողները, թե պիտի ընտրեն նրանցից մեկին, քանի որ այլ տարբերակ չունեն:

XS
SM
MD
LG