Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինության հետ կապված խնդիրը շարունակում է մտահոգել ԱՄՆ-ի սենատորներին, ովքեր այս խնդրի և Չինաստանի ունեցած դերի մասին հարցեր են ուղղել Այովա նահանգի նահանգապետ Թերի Բրենսթադին, ով Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու է:
«Ես ևս կարծում եմ, որ նրանք գիտակցում են, ինչպես այլ ասիական երկրներ, որ հյուսիսկորեական առաջնորդի միջուկային մոլեգնությունը շատ մեծ սպառնալիք է մարդկությանը և պետք է ճանապարհներ փնտրենք՝ միասնաբար աշխատելու դրա դեմ:»,- ասում է Այովայի նահանգապետ Բրենսթադը:
Դեսպանի թեկնածուն անդրադարձավ նաև Չինաստանում մարդու իրավունքների խախտման հետ կապված հարցերին:
«Եթե իմ թեկնածությունը հաստատվի դեսպանի պաշտոնում, իմ աշխատանքում կներկայացնեմ ամերիկյան արժեքները Չինաստանի ղեկավարությանն ու ժողովրդին: Այդ արժեքները ներառում են՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, ազատ շուկայական հարաբերությունները, օրենքի գերակայությունը Չինաստանի ծովային սահմաններում և ազատ մամուլը»,- նշել է Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն:
Բրենսթադն երկար տարիներ զբաղեցնում է Այովայի նահանգապետի պաշտոնը: Իր մերձավորները ընդգծում են նրա սերտ կապերը Չինաստանի հետ:
«Ամենակարևորն այն է, որ նահանգապետ Բրենսթադը լավ ճանաչում է Չինաստանն ու նրա ղեկավարներին: Նա առաջին անգամ հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին դեռևս 1985 թվականին, երբ վերջինս այցելել էր Այովա նահանգ»,- ասում է սենատոր Ջոնի Էրնստը:
Բրենսթադն ասում է, որ դեսպան նշանակվելու դեպքում նա կօգտագործի իր կապերը խաղաղության և կայունության զարգացման համար և չի հապաղի խոսել երկու երկրների անհամաձայնությունների մասին:
Facebook Forum