Սպիտակ Տունը պաշտպանում է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին և Թաիլանդի վարչապետ Փրայութ Չան Օչանին Սպիտակ Տուն հրավիրելու նախագահ Թրամփի վերջին նախաձեռնությունները՝ ընդգծելով տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունները սերտացնելու կարևորությունը Հյուսիսային Կորեայի ճգնաժամի ներքո:
«Կարծում եմ սա լավ հնարավորություն է մեզ համար համագործակցելու տարածաշրջանային երկրների հետ, որոնք կարող են օգնել Հյուսիսային Կորեայի դիվանագիտական ու տնտեսական մեկուսացման հարցում: ԱՄՆ-ի պետական շահերը եւ տարածաշրջանային անվտանգությունը նախագահի առաջնահերթություններն են»,- հայտնել է Սպիտակ Տան խոսնակ Շոն Սփայսերը:
Սպիտակ Տուն հրավերք ստացած Ֆիլիպինների և Թաիլանդի առաջնորդները բազմիցս քննադատության են ենթարկվել մարդու իրավունքների պաշտպանության խմբերի կողմից:
Փորձագետներն ասում են, սակայն, որ Ֆիլիպինների առաջնորդ Դուտերտեն կարևոր դեր ունի տարածաշրջանային զարգացումներում և հարաբերությունների բարելավումը նրա հետ բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից:
«Գիտեմ, որ Դուտերտեին որպես անձ չեն համակրում ԱՄՆ-ում: Հավանաբար այն կապված է նաև այնտեղ մեր ունեցած գաղութային անցյալի հետ»,- ասում Ատլանտյան խորհուրդի վերլուծաբան է Ռոբերտ Մանինգը:
Սակայն Մանինգի կարծիքով Ֆիլիպիններն օգտակար չեն լինի Հյուսիսային Կորեայի հարցում:
«Հյուսիսային Կորեան դժվարին խնդիր է եղել վերջին չորս նախագահների համար: Չկա լավ տարբերակ, և հստակ չէ, թե արդյոք կա լուծում, եթե Փհենյանում շարունակում է իշխանությանը մնալ ներկա վարչակարգը»,- ասում է Մանինգը:
Մանինգի կարծիքով Թրամփի ասիական քաղաքականության հետագա ուղղվածությունը հստակ չէ:
Facebook Forum