Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) անցած տարի ստացել է դատարանի գաղտնի թույլտվությունը՝ ստուգելու այն ժամանակ նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդական Քարթեր Փեյջի հնարավոր կապերն ու հաղորդակցումը այլ երկրների հետ:
Իրավապահ մարմինների անանուն աղբյուրը նշում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն և արդարադատության նախարարությունը ստացել են հատուկ թույլտվություն՝ դատավորին համուզելով, որ Փեյջը կարող է հանդիսանալ այլ երկրի գործակալ, այս պարագայում’ Ռուսաստանի:
Փեյջը աշխատանքի է անցել Թրամփի թիմում 2016 թվականի մարտին որպես արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական: Նախկինում նա եղել է ներդրումային բանկիր, գովասանքի խոսքեր է հղել Վլադիմիր Պուտինի հասցեին և քննադատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը: CNN-ին տված հարցազրույցում Փեյջը կտրականապես հերքել է մեղադրանքները:
Անցած ամիս Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին խոստովանել է, որ իր բյուրոն հետաքննություն է սկսել, պարզելու նպատակով, թե արդյոք նախագահ Թրամփի թիմը համագործակցել է Ռուսաստանի հետ՝ 2016 թվականի ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար: Ամերիկյան հետախուզությունը համուզված է, որ Ռուսաստանը ներգրավվել է ամերիկյան ընտրություններին ի օգուտ նախագահ Թրամփի: Ռուսական կողմը կտրականապես հերքում է մեղադրանքները:
Թրամփի վարչակազմն ասում է, որ մեղադրանքները կեղծ են և հետապնդում են քաղաքական նպատակներ, սակայն Հետաքննությունների դաշնային բյուրոն և Կոնգրեսի համապատասխան մարմինները շարունակում են հետաքննությունն այս հարցի վերաբերյալ:
Facebook Forum